Էթիկայի կանոնագիր

(Ընդունվել է 01․11․2020)

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը մեծապես կարևորում է խոսքի և տեղեկատվության ազատությունը, միևնույն ժամանակ պարտավորվում է տեղեկատվական և հետազոտական արտադրանք հրապարկելիս հարգել ճշմարտության և ճշգրտության, ազնվության և անաչառության, թափանցիկության և «մի՛ վնասիր» սկզբունքները, հետևել հետևյալ կանոններին․

*Հրապարակել միայն ճշմարիտ և ստուգված տեղեկություններ
Մինչ նյութի հրապարակումը դրանում առկա բոլոր փաստերը ստուգվում են, չեն պարունակում մանիպուլյացիաներ, խեղաթյուրված փաստեր, կիսաճշմարտություններ կամ կեղծ տեղեկություններ։ Մեկնաբանությունները չեն ներկայացվում որպես փաստեր։

*Լինել ազնիվ
Նյութի պատրաստաման ընթացքում տեղեկությունների հավաքագրումը չի կարող լինել ապօրինի կամ անազնիվ եղանակներով, օրինակ, առանց թույլտվության գաղտնի ձայնագրություն։ Մենք հարգում ենք հեղինակային իրավունքը, դեմ ենք գրագողությանը և մշտապես հղում ենք անում այն աղբյուրներին, որոնցից ստացել ենք տեղեկությունը։
Սխալվելու դեպքում մենք այն ուղղում ենք անմիջապես, անհրաժեշտության դեպքում նաև ծանուցում սխալի մասին։

*Լինել անաչառ և օբյեկտիվ
Նյութեր պատրաստելիս մշտապես պատասխանի իրավունք տալ շահագրգիռ կողմին/երին, նյութերը ներկայացնել բազմակողմանիորեն։

*Լինել անկախ և անկաշկանդ
Մենք չենք ընդունում թանկարժեք նվերներ՝ հաշվի առնելով, որ դրանք կարող են հարվածի տակ դնել մեր անկաշառությունը՝ որևէ խնդրի թեմայի անդրադառնալիս։ Նվերի արժեքի առավելագույն չափը կարող է լինել 10 000 ՀՀ դրամը։

*Մի վնասիր
Նյութեր պատրաստելիս պարտադիր է հարգել մարդու անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը, հեղինակությունը, պատիվն ու արժանապատվությունը: Մշտապես հարգել անմեղության կանխավարկածի սկզբունքը:

Մենք աշխատում ենք հանուն հասարակության կարիքների և ժողովրդավարական արժեքների։ Բացառում ենք խտրականության և ատելության խոսքը։

Զգայուն թեմաների անդրադառնալիս առավել զգոն ենք՝ տեղեկություններ ստանալու դեպքում չափահաս անձի կամ երեխայի ծնողի/խնամակալի համաձայնությունը ստանալու հարցում։ Խոցելի իրավիճակում հայտնված անձանց դեպքում նախընտրում ենք հրաժարվել հրապարկել այնպիսի տվյալներ, որոնց դեպքում անձի կնույնականացվի և միգուցե ավելի խոցելի վիճակում կհայտնվի։

Կանոնագրում նշված բոլոր կետերի պահպանումը պարտադիր է «Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան ՀԿ-ն բոլոր աշխատակիցների և համագործակից անձանց համար։