Երբ բիզնեսի «համն ու հոտը» բավարար չէ. սխալ կառավարում և փակվող բիզնեսներ
Աբաղյանների ընտանիքի քաղցր բիզնեսի հիմքը Ռուզաննայի համովություններ պատրաստելու ձիրքն էր։ «Բռնի տեղահանումից հետո շատ մտածեցինք, թե ինչ կարող ենք անել, որ ունենանք լրացուցիչ եկամուտ։ Մայրս աշխատանք չուներ, իսկ նա հրաշալի թխվածքաբլիթներ էր պատրաստում։ Առանց որևէ տեղ սովորելու՝ մենք կարող էինք պատրաստել և վաճառել նրա պատրաստածները»,- պատմում է Անին՝ Ռուզաննայի աղջիկը։
Եթե շտապում ես, ապա նայիր նյութի վիզուալ տարբերակն այստեղ։
Մի նոր վառարան, փաթեթավորման արկղեր ու ցանկություն․ բիզնեսը մեկնարկեց։ Առաջին քայլը բիզնեսի անունն ընտրելն էր՝ «Փախլավա սիրի՞ս ըս» («Փախլավա սիրո՞ւմ ես»)։ Հադրութի բարբառով է. այն արտացոլում էր ընտանիքի՝ ծննդավայրի հետ կապը։ Անունը որոշելուց հետո Անին անմիջապես սոցիալական հարթակներում էջ բացեց, որտեղ սկզբում տեղադրվում էին ինտերնետից վերցված նկարներ, հետագայում՝ իրենց պատրաստածի լուսանկարներն ու տեսանյութերը։
«Մեր բիզնեսի համը մայրիկիս ձեռքում էր, գովազդը՝ իմ։ Քանի որ ես չէի հասցնում, քույրս միացավ մեզ, սկսեց տեսանյութեր ու լուսանկարներ անել ու տեղադրել մեր էջում։ Հայրս էլ տեխնիկական մասն էր անում՝ արկղերը բերում էր, փաթեթավորում, պատվերները հասցնում հաճախորդներին»,- պատմում է Անին։
Այդպես հիմնվեց ընտանեկան բիզնեսը։ Հիմնականում թխում էին փախլավա, բացի դրանից՝ նաև սիգարետներ, բլինչիկի լիստեր և գաթաներ։ Մոտ երկու ամիս անց պատվերները սկսեցին շատանալ։
Արտադրանքի փաթեթավորման համար նախատեսված արկղերի վրա ընտանիքը Հադրութի բարբառով օրհնանքներ էր գրում։ Գրում էին 3 տարբեր գույներով․ նրանց ընտրած դիզայներական լուծում էր սա։
«Մի անգամ պատվերներ ուղարկեցինք Ռուսաստան։ Այդ մարդիկ 90-ականներին էին Արցախից դուրս եկել։ Նրանք զանգեցին մեզ, շնորհակալություն հայտնեցին, ասացին, որ շատ հուզվել են և մեր շնորհիվ մի պահ վերադարձել են Արցախ։ Մեր այդ մտահղացումը հաճախորդները գնահատեցին ու հավանեցին»,- նշում է զրուցակիցս։
Չնայած նրանք հավատարիմ հաճախորդներ ունեին, նորերը քիչ էին, քանի որ մարքեթինգային աշխատանքները թուլացրել էին։ «Մեր հիմնական խնդիրն այն էր, որ մենք մեր բիզնեսին նայում էինք մատների արանքով՝ որպես հավելյալ եկամտի աղբյուր, ոչ թե հիմնական բիզնես։ Մեզ համապատասխան հմտություններ ու կրթություն էր անհրաժեշտ՝ SMM-ից մինչև կառավարում, բայց մեզանից ոչ մեկը ցանկություն չհայտնեց սովորելու», – ասում է Անին։
«Փախլավա սիրի՞ս ըս» բիզնեսն այսօր ժամանակավորապես դադարեցված է։ «Մենք հենց ունենում ենք փողի կարիք, մտածում ենք մեր բիզնեսը շարունակելու և ակտիվացնելու մասին, բայց դրա մեջ հատուկ ջանք չենք դնում։ Սակայն եթե ուզենք նորից սկսել, չենք սկսելու նույն կիսատ-պռատ ձևով, այլ ավելի հաշվարկված, ավելի պատասխանատու կերպով ենք մոտենալու այդ գործին»։
Աբաղյանների ընտանիքի անդամների ոչ մեկը հատուկ բիզնես կառավարման դասընթացների չի մասնակցել։ Անին մասնակցել է տարբեր վարպետության դասերի՝ կապերը գումարի աղբյուր դարձնելու, բիզնեսը ներկայացնելու, SMM անելու և բիզնեսի աճի համար ժամանակ տրամադրելու վերաբերյալ, բայց ասում է, որ դրանք բավարար չեն ցանկալի արդյունքի հասնելու համար։
Ինչո՞ւ են փակվում բիզնեսները Հայաստանում
Հայաստանում բիզնեսների փակման պատճառները բազմաթիվ են, դրանցից մեկը բիզնես կառավարման հմտությունների բացակայությունն է։ «Միջմշակութային Ուսումնասիրություններ և Զարգացում» ՀԿ-ի նախագահ Արեգ Թադևոսյանը, ով ձեռներեցության ոլորտում կրթական մեթոդների, հոդվածների և դասագրքերի հեղինակ է, նշում է, որ սա համատարած խնդիր է և արձանագրվել է տարբեր մակարդակի թիմերի հետ կոնսուլտացիաների ընթացքում։
Թադևոսյանը նշում է, որ գործող բիզնեսների մի զգալի մասը և, հատկապես, փոքր բիզնեսները ի վիճակի չեն նշել իրենց տարեկան շրջանառությունը կամ զուտ շահույթը․ «Սա ասուրդային իրավիճակ է, երբ մարդը տարիներ շարունակ զբաղվում է այս գործունեությամբ, բայց չգիտի՝ արդյոք գումար է աշխատում, թե՝ ոչ, որքան է մուտք արվել իր բիզնեսում, կամ ինչպիսին է իր շահութաբերությունը»։
Թադևոսյանի խոսքով՝ բիզնեսի կառավարման հմտությունները հնարավոր չէ սովորեցնել մի քանի ամսում կամ նույնիսկ տարում․ Հայաստանում ամեն տարի հարյուրավոր նման դասընթացներ են կազմակերպվում, բայց ոլորտում նկարագիր չի փոխվում։
Նրա կարծիքով, խնդրի լուծումը վաղ տարիքից երեխաներին սովորեցնելն է որոշակի հմտություններ, ինչպիսիք են՝ նախաձեռնողականությունը, Ֆինանսական գրագիտությունը, պլանավորումը, համակարգային մտածելակերպը, բիզնես գործընթացների տրամաբանությունը։
«Այսինքն, նրանք պետք է հասկանան ձեռներեցության էությունը՝ ոչ թե միայն բիզնես հիմնադրելու, այլև նախաձեռնող լինելու, խնդիր տեսնելու, այն լուծելու համար պլանավորելու և իրականացնելու իմաստով», – ընդգծում է Թադևոսյանը։
Հարցին, թե ինչ պետք է անել, երբ վաղ տարիքից չեն սովորեցրել այս հմտությունները, Թադևոսյանը նշում է, որ ավելի ճիշտ է ներդրումներ անել միայն այն մարդկանց վրա, ովքեր ունեն ձեռնարկատիրությամբ զբաղվելու ջիղ՝ պայման դնելով, որ նրանք աշխատատեղեր ստեղծեն մյուսների համար, քան տասնյակ հազարավոր մարդկանց համար դասընթացներ կազմակերպել՝ քիչ արդյունք ստանալով։
«Որոշեցի դադար վերցնել և այլևս չզբաղվել այդ գործով»․ բիզնեսի հիմնադիր
Մարգարիտայի թեյերը Հադրութի բույրով հասցրեցին բուրել մի քանի ամիս։ 2020 թվականի գարնանը, երբ կորոնավիրուսի համավարակի պատճառով դասերը տեղափոխվեցին առցանց հարթակ, Մարգարիտան ավելի շատ ազատ ժամանակ ունեցավ ինքնակրթվելու և նոր բացահայտումներ անելու համար։ Որոշեց ուսումնասիրել Դիզակի բուսական աշխարհը։ Ընտանեկան էքսկուրսիաները վերածվեցին պարտադիր բուսահավաքների, և նրանք սկսեցին բույսեր հավաքել Դիզափայտի փեշերից ու այլ վայրերից։
Սկզբում հավաքած բույսերից տանը թեյեր էին պատրաստում և խմում, հետո սկսեց հյուրասիրել ընկերներին ու բարեկամներին, և քանի որ արձագանքները դրական էին, որոշեց բիզնես հիմնել, անուն մտածեց և բացեց ֆեյսբուքյան էջ։ 2020 թվականի օգոստոսին արդեն ուներ երեք կարևոր թեյերի փունջ՝ «Սիրուն», «Անուշ» և «Հրաշք»։ Դրանք տարբեր խառնուրդներ էին, անցել էին սանիտարական հետազոտություն, սերտիֆիկացվել էին։
«Տող» թեյերը պատվիրում էին նաև Երևանում սովորող ուսանողները։ 2020 թվականի տեղահանումից հետո Մարգարիտայի պատվիրատուները նորից հայտնվեցին։ Նա բիզնեսը Հայաստանում չփակեց, չնայած Արցախից իր հետ շատ քիչ թեյեր էր բերել։ «Ես ինձ հետ բերել էի ընդամենը մի փոքր դաղձ, որը դրսում էր դրված և չորանում էր, ուղղակի գցեցի մեքենան և բերեցի ինձ հետ»։
Բիզնեսը Մարգարիտայի միակ հիշողությունն է Տողից։ Հայաստանում բիզնեսը վերսկսելիս նա պահպանեց անունը և գաղափարը, բայց արդեն թեյերի բույսերը ձեռք էր բերում Վայոց Ձորից, դրանք համային առումով ամենամոտն էին Արցախի բույսերին։
Բիզնեսը կայացնելու և զարգացնելու համար Մարգարիտան ընդունվեց Սոցիալական ձեռներեցների դպրոց, մասնակցեց բիզնես դասընթացների և ձեռք բերեց մարքեթինգային գիտելիքներ։ «Մինչ այդ, օրինակ, ֆեյսբուքյան էջի կառավարման առումով ինչ արել եմ կապված վաճառքի հետ, պրոդուկտի ներկայացման հետ, ես դա արել եմ սիրողական մակարդակում»։
Սակայն այս ամենը բավարար չէր բիզնեսը շարունակելու համար․ «Որոշեցի դադար վերցնել և այլևս չզբաղվել այդ գործով։ Հիմա եթե ես փորձեմ նորից վերսկսել իմ գործունեությունը, գովազդային ավելի հզոր գործիքներ կօգտագործեմ, դրա հետ մեկտեղ ավելի ճիշտ կառավարման բազա կկիրառեմ»։
Նրա խոսքով՝ բիզնես կառավարման հմտություններ չունենալը կարող է հանգեցնել բիզնեսի փակման, քանի որ սխալ կառավարման արդյունքում վաղ թե ուշ կորցնելու ես այն։ Եկամուտների, ծախսերի ու մուտքերի կանխատեսումը և դրանց կառավարումը բիզնեսի հիմնասյուներից են, հակառակ դեպքում բիզնեսի գործունեությունը մնում է բախտի քմահաճույքին։
Իրատեսական և հաջողված լուծումներ
Արեգ Թադևոսյանը նշում է, որ կազմակերպվող որոշ դասընթացների ու ծրագրերի դեպքում կազմակերպողների մոտիվացիան հիմնականում գումար աշխատելն է, իսկ վերջնարդյունքը տեղում դոփելն է լինում։
Սակայն, իհարկե, լինում են և կան նաև հաջողված ծրագրեր։ Օրինակ, Ա․ Թադևոսյանը նշում է՝ հույս չի ունեցել, թե «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» եռամյա ծրագիրը կհաջողեր, սակայն իրականում այն բարելավվել է պետական սոցիալական աջակցության ծրագրերում ներգրավված առնվազն 11,000 շահառուի կյանքի որակը՝ ինքնազբաղվածության խթանման և սոցիալական աշխատողի ծառայությունների մատուցման միջոցով։
Ծրագրի շրջանակներում 306 խոցելի անհատ (40%՝ կանայք) ստացել են փոքր դրամաշնորհ (յուրաքանչյուրը՝ $4000)՝ սեփական բիզնես գաղափարները իրագործելու նպատակով։ Այն ուղղված է եղել ինքնաբավության և ինքնազբաղվածության խթանմանը։ Նրանցից գրեթե բոլորը հաջողել են և գործող բիզնեսներ ունեն։
Ծրագրի խորհրդատու, Սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը նշում է, որ ծրագրում ներգրավվել են բացառապես նպաստառու համարվող անձինք, ովքեր տարիներ շարունակ ստացել են պետական նպաստներ և դժվարությամբ են դուրս եկել այդ համակարգից՝ այն համարելով եկամտի միակ աղբյուրը։ Ծրագիրը այն ընտանիքների համար էր, որոնք ունեին երեք և ավելի երեխա, կամ առնվազն մեկ երեխա՝ մինչև 5 տարեկան։
Ծրագրի խորհրդատու Միրա Անտոնյանի խոսքով հաշվի են առնվել նաև այլ չափանիշներ․ «Կյանքը փոխելու մտադրության առկայությունը, ինչպես նաև մոտիվացիայի գնահատումը և դրա առաջացումը մոտիվացիոն հարցազրույցների միջոցով։ Շահառուներից պահանջվել է համաձայնություն համագործակցելու, տեղեկատվություն չթաքցնելու, ինչպես նաև մասնակցելու քոուչինգային վերապատրաստումների, մենթորության հանդիպումների, խորհրդատվությունների և բիզնես թրեյնինգների»։
Միրա Անտոնյանը հստակ գիտի, թե որն էր ծրագրի հաջողության գրավականը․ սոցիալական աշխատանքի կիրառում՝ շատ անհատականացված մոտեցմամբ և շահառուների հետ թափանցիկ աշխատանք, ինչը թույլ է տվել վերականգնել նրանց վստահությունը համակարգի նկատմամբ․
«Մեծ ուշադրություն է դարձվել մոտիվացիայի բարձրացմանը։ Մարդկանց օգնել ենք հասկանալու, որ նպաստը չպետք է լինի եկամտի միակ աղբյուրը, և որ պետական աջակցությամբ ապրելու կենսակերպը կարող է հանգեցնել անձնական նվաստացման։ Մարդկանց մոտ զարգացվել է սեփական ուժերին հավատալու և ինքնուրույն եկամուտ հայթայթելու ցանկություն», -ընդգծում է Անտոնյանը։
Այսպիսով, ամփոփելով, Ա․ Թադևոսյանի խոսքով, բիզնես ոլորտն առաողջացնելու երկու տարբերակ կա․ աջակցել ձեռնարկատիրական ջիղ ունեցողներին՝ պայմանաով, որ նրանք աշխատատեղեր կստեղծեն և ուսումնասիրել հաջողված նախագծերը, սովորել ու ընդօրինակել դրանցից։
Հեղինակ՝ Ասպրամ Ավանեսյան
Նյութը պատրաստվել է «Աջակցություն կին ձեռներեցներին» ծրագրի շրջանակներում՝ «Կետ 33» ՀԿ-ի կողմից՝ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է միայն ստեղծողը, դրանում արտահայտված տեսակետները կարող են չհամընկել դեսպանատան տեսակետների հետ։