Ի՞նչ է մանկաբարձական բռնությունը
Մանկաբարձական բռնությունը կնոջ հանդեպ բռնությունն է ծննդօգնության բոլոր փուլերում՝ հղիություն, ծննդաբերություն, հետծննդաբերական շրջան։ Այս մասին տեղեկանում ենք մեր «Ծննդօգնությունը Հայաստանում․ իրավակարգավորումներ և իրավունքներ» հետազոտությունից:
Ինչպես նշվում է՝ մանկաբարձական բռնությունը կարող է ինչպես ֆիզիկական լուրջ հետևանքներ ունենալ ինչպես կնոջ ու նորածնի կյանքի և առողջության համար, այնպես էլ հոգեբանական տրավմաներ պատճառելու առումով։
Համաձայն ԱՀԿ-ի՝ մանկաբարձական բռնությունը կարող է դրսևորվել հետևյալ կերպ. «…ֆիզիկական բռնություն, նվաստացում, վերբալ բռնություն, հարկադրական կամ կնոջ հետ չհամաձայնեցված բժշկական ընթացակարգեր (ներառյալ ամլացումը), գաղտնիության բացակայություն, կնոջ լիովին չտեղեկացվածության հետևանքով ընդունած որոշման հիման վրա միջամտություններ, ցավազրկողներ տալ մերժելը, մեկուսի լինելու կոպիտ խախտումները, հրաժարվելը՝ ընդունել հիվանդանոց կամ բուժօգնություն ցուցաբերել՝ վճարել չկարողանալու պատճառով»։
Ընդհանուր առմամբ՝ մանկաբարձական բռնության դրսևորման ձևերը բազմաշերտ են ու անսահմանափակ, կարող են լինել ֆիզիկական, հոգեբանական, տնտեսական և այլն։
Ֆիզիկական բռնություն են համարվում անհարկի բուժական մեթոդների կիրառումն ու դեղորայքի նշանակումը, ծննդաբերության բնականոն ընթացքին միջամտությունները (օրինակ՝ պտղապարկի պատռում, հղիության արհեստական խթանումներ), թույլ չտալը ծննդաբերության ժամանակ կնոջը հարմար դիրքով լինել և այլն։ Մանկաբարձական բռնության այս ձևից խուսափելու համար ԱՀԿ-ն ունի մի շարք ցուցումներ, որոնց համաձայն՝ պետք է հրաժարվել կամ միայն խիստ կենսական անհրաժեշտության դեպքում կիրառել այնպիսի միջամտություններ, ինչպիսիք են էպիզիոտոմիան, Կրիստելերի մեթոդը (երեխայի ծնունդը խթանելու համար կնոջ որովայնի սեղմումը), պտղաթաղանթի պատռումը, ինչպեսև սահմանափակել օքսիտոցինի կիրառումը, պահպանել կեսարյան հատումների՝ ԱՀԿ-ի կողմից ցուցված թիվը (ընդհանուր ծնունդների 10-15 տոկոսը) և այլն:
Մանկաբարձական բռնության մյուս ձևը հոգեբանականն է, երբ կինը ենթարկվում է նվաստացուցիչ, անհարգալից և խտրական վերաբերմունքի։ Օրինակ, բուժօգնության ժամանակ կնոջ հասցեին արվում են վիրավորական, սեքսիստական ռեպլիկներ, կամ հրաժարվում են պատշաճ բուժօգնություն ու սպասարկում տրամադրել, քանի որ վերջինս անվճարունակ է, ունի տարբեր համոզմունքներ և այլն։
Մանկաբարձական բռնության վերաբերյալ գրականության մեջ հատուկ տեղ է տրվում իրազեկված համաձայնություն տալու իրավունքին։ «Կանայք իրավունք ունեն ստանալու ամբողջական տեղեկություն բուժման վերաբերյալ, որպեսզի դրա հիման վրա ընդունեն կշռադատված որոշումներ։ Գինեկոլոգիայի և մանկաբարձության միջազգային ֆեդերացիան համարում է, որ տեղեկացված համաձայնություն ստանալը պարտավորություն է բուժանձնակազմի համար՝ թեև այն կարող է լինել բարդ և ժամանակատար»,-նշվում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի՝ վերարտադրողական առողջության ծառայությունների ընթացքում կանանց հանդեպ բռնությունների վերաբերյալ զեկույցի 32-րդ կետում:
Աղբյուրը՝ «Ծննդօգնությունը Հայաստանում․ իրավակարգավորումներ և իրավունքներ» հետազոտություն