Կրծքով կերակրումն ու աշխատող կանայք

Սա պատմություն է այն մայրերի մասին, ովքեր աշխատում են և կարևորում երեխային կրծքով կերակրելը։

Երեխային կրծքով կերակրումն ու աշխատանքը համատեղելի են։ ՀՀ Աշխատանքային օրենսգրքում հստակ դրույթներ կան, որոնց նպատակը արձակուրդից հետո երեխայի կրծքով կերակրումը շարունակելուն նպաստելն է։

Այսպես՝ Օրենսգրքի 258-րդ հոդվածը սահմանում է, որ կրծքով կերակրող կնոջը մինչև երեխայի մեկուկես տարին լրանալը, բացի հանգստի և սնվելու համար տրամադրվող ընդմիջման ժամերից, երեխային կերակրելու համար յուրաքանչյուր երեք ժամը մեկ տրամադրվում է լրացուցիչ ընդմիջում` կես ժամից ոչ պակաս տևողությամբ:

Երեխային կերակրելու համար նախատեսված ընդմիջումների ժամանակահատվածում աշխատողը վարձատրվում է միջին ժամային աշխատավարձի չափով: Այսինքն՝ 8 ժամ տևողությամբ աշխատանքային օրվա ընթացքում կրծքով կերակրող կինը կարող է ունենալ հավելյալ առնվազն 1 ժամ ընդմիջում։