Արցախցի կանայք նախաձեռնում են բիզնեսներ և անցնում «դժոխքի ոլորաններով»

Սուրճի սիրահարներին դուր կգա Ադայի բնակարանը։ Սուրճի հոտը գրավել է այն։ Ադայի «Տեսան-տենան» («Դեսից-դենից») բիզնեսի արտադրանքն է այնտեղ։ 2020թ․ պատերազմից հետո է բիզնեսը սկսել Ստեփանակերտում։ Սկզբում անուշաբույր սուրճն ու թեյերը վաճառում էր օնլայն։ Մի քանի ամիս հետո բացեց իր փոքրիկ խանութ։ 

Եթե շտապում ես, ապա նայիր նյութի վիզուալ տարբերակն այստեղ։

Աղացած սուրճի կամ թեյի սովորական վաճառքով չի զբաղվում Ադան, նրա բիզնեսի յուրահատկությունը գեղեցիկ փաթեթավորման և սիրուն մատուցման մեջ է, իր ձեռքով պատրաստում և վաճառում է սուրճի ու թեյի փնջեր, տուփեր, այլ փաթեթավորումներ։ Իր գործունեության ողջ ընթացքում Ադան որևէ բիզնես դասընթացի չի մասնակցել և այս ոլորտում դասագրքային գիտելիքներ չունի, գործում է իր զգացածով՝ ինչպես ճիշտ է գտնում։ Մասնագիտությամբ տնտեսագետ է, մինչև Արցախից բռնի տեղահանվելը աշխատում էր Արցախի Ֆինանսների նախարարության գանձապետարանում՝ գլխավոր մասնագետ։

44-օրյա պատերազմից հետո Արցախում պետությունը հարկային արտոնություններ սահմանեց բիզնես ոլորտի համար։ Որպես հետպատերազմյան շրջանում բացված բիզնես «Տեսան-տենան»-ն էլ ազատված էր բոլոր տեսակի հարկերից։ Մինչև Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը բիզնեսն անխափան էր աշխատում, ապահովում կայուն եկամուտ։ Շրջափակման յուրաքանչյուր հաջորդ ամիսն իր հետ նոր դժվարություն էր բերում նաև բիզնեսի համար։ Իսկ ահա 10-ամսյա շրջափակումից հետո  Ադրբեջանի զինված հարձակման հետևանքով 120 հազար հայեր բռնի տեղահանվեցին Արցախից՝ տեղափոխվելով Հայաստան։ Այստեղ ստիպված էին ընդունել խաղի նոր կանոններ։ 

«Տեղահանումից հետո հաճախորդներս խնդրեցին Հայաստանում բիզնեսը շարունակել։ Տարածքների վարձավճարների մասին գիտեք՝ թանկ են, շատ թանկ, բայց որոշեցինք բացել, վերսկսել բիզնեսը, խանութ բացել», – պատմում է Ադա Սարգսյանը։ 

Հույսերն ու սպասելիքները չարդարացվեցին, վարձավճարները ու հարկերը բարձր էին, եկամուտը չէր փակում ծախսը։  8 ամիս պայքարելուց հետո Ադան փակեց խանութը, բայց բիզնեսը փակելու մտադրություն չունի։ Հայաստանում խանութ բացելուց առաջ բոլոր ծախսերը հաշվարկել էին, ասում է՝ խանութի տեղը չէին լավ ընտրել, պետք էր առաջանալ Երևանի կենտրոն, որտեղի համար ֆինանսական հնարավորությունները չունեին։ Խանութը փակվեց, բայց մշտական հաճախորդները մնացին։ Ասում է՝ շատ ջանք ու եռանդ է դրել այս բիզնեսի մեջ, շարունակելու է՝ չնայած բոլոր դժվարություններին․ «Այս բիզնեսը սպեղանի է ինձ համար»։

Սիրած գործը շարունակելու համար Հայաստանում որևէ արտոնությունից չի օգտվել, ընդհակառակը՝ 5%-ի  փոխարեն արդեն վճարում է 10% շրջանառության հարկ, ինչպես բոլորը․ «Արտոնությունը հարկերից ազատելը չէ, արտոնությունն այն կլինի, որ պետությունն օգնի ֆինանսի ներգրավման հարցում, օրինակ, դրամաշնորհային ծրագրեր իրականացի»։

Ոչ միայն արտոնություններ չկան, այլև կա բիզնեսին «ջարդող» հարկերի բարձրացում․ փորձագետ 

Հետպատերազմյան Արցախում բիզնեսները շատացել էին՝ շնորհիվ պետության քաաքականության․ որոշ բիզնեսներ ազատված էին հարկերից․ այս մասին ասում է  Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամի համակարգող Սոֆյա Հովսեփյանը․ «Մարդիկ հասկանում էին, որ ինչ-որ բան պետք է սկսել, անել, որ չեն կարող պետության հույսին մնալ, նպաստներ ստանալ և դրանով ապրել»։ 

Հայաստանում, սակայն, ոչ միայն արտոնություններ սահմանված չեն, ավելին՝ հարկային բեռի խստացումները վերաբերելի են բոլորին՝ առանց հաշվի առնելու տարբեր բիզնեսների կարիքներն ու հնարավորությունները։ Օրինակ, 2025թ․ հունվարի 1-ից կրկնակի բարձրացվել է շրջանառության հարկը․ 

«Օրենքը հանել են բոլորի համար հավասար և իրականում այդ օրենքը տեղի բիզնեսներին էլ է ջարդելու, քանի որ որևէ արտոնություն և առավելություն չի տրվում մարդկանց բիզնեսի զարգացնելու համար։ Սա ստիպելու է մարդկանց թաքուն գործողություններ անել կամ ուղղակի փակվել, երկիրը լքել»,- ասում է Սոֆյա Հովսեփյանը։

Նրա կարծիքով՝ արցախցիներից շատերը չեն լքում Հայաստանը այն հույսով, որ այստեղ ինչ-որ բան, այնուամենայնիվ, կհաջողացնեն անել և հայրենիքում կմնան, բայց եթե չկարողանան ապրուստի համար բավարար միջոցներ ու արժանապատիվ զբաղմունք ունենալ, կլքեն երկիրը․ «Դա Հայաստանի Հանրապետության համար չափազանց մեծ կորուստ կլինի, իսկ Արցախ վերադարձի տեսլականի համար՝ փակ դուռ»։ 

Երկար ժամանակ պահանջվեց, որ ապացուցեմ՝ ես էլ եմ լավ հաց թխում

Կարինեն Արցախից բռնի տեղահանվելուց հետո որոշ ժամանակ աշխատել է Հանրային ռադիոյում իր մասնագիտությամբ՝ որպես ձայնային ռեժիսոր և մոնտաժող։ Հետո կարճ ժամանակով գնացել է Ռուսաստան, այնտեղ աշխատել։ Վերադարձից հետո ամաչել է աշխատանքի համար նորից ռադիո գնալ, պարապ մնալ էլ չէր կարող, աշխատանքի է անցել Արտաշատի սուպերմարկետներից մեկում։ 

Իսկ մի օր սոցցանցերում տեսել է արցախցիների համար դրամաշնորհային բիզնես ծրագրի հայտարարությունը․ Կայուն զարգացման հայկական հիմնադրամն էր իրականացնողը։ Ուղարկել է հայտը, բիզնես ծրագիր գրել և դարձել 15 հաղթողներից մեկը։

Հացաբուլկեղենի արտադրամասի անհրաժեշտ սարքավորումների մի մասը ձեռք է բերել դրամաշնորհային, մյուս մասը՝ սեփական միջոցներով։ «Արի օջախ» հացաբուլկեղենի արտադրամասը Կարինեն բացել է Մասիսում, քանի որ Արտաշատում, որտեղ նրանք վարձով ապրում են, առևտրային տարածքների վարձակալության վճարները ավելի բարձր են։ Այսպես էլ ժամանակ ու գումար է ծախսում ճանապարհի վրա։

«Մասիսում իմ արտադրամասի կողքին 4 նման գործարան կա, նրանք ավելի շատ փորձ ունեն, երկար ժամանակ է՝ աշխատում են։ Հաճախորդ ձեռք բերելու համար ինձանից բավականին երկար ժամանակ է պահանջվել։ Երկար ժամանակ է ինձանից պահանջվել, որ ապացուցեմ, որ ես էլ եմ լավ հաց արտադրում և մարդիկ կարող են ինձանից էլ ձեռք բերել այն»,- պատմում է Կարինեն։ Բիզնեսի զարդերը ժենգյալով հացն ու փախլավան են, մարդիկ մեկ անգամ փորձելուց հետո նորից են պատվիրում։ 

Նրան օգնում են ամուսինն ու 2 քույրերը։ Ասում է՝ դուստրերի երեսը չի տեսնում, առավոտից երեկո արտադրամասում է լինում, առավոտյան 5-ին գնում, երեկոյան 8-9-ին տուն են հասնում։

Պետական արտոնություններ ունենալը, ասում է, իհարկե, բիզնեսի զարգացման համար մեծ դեր կունենա․ «Եթե պետությունը 6 ամիս գումարով օգնի, ես կհասցնեմ գոնե թխվածքների ու տորթերի համար նախատեսված սառնարան գնել, շատ պետքական է, բայց չեմ կարող գնել»։ 

Այս գործի հետ Կարինեն մեծ պլաններ ունի, նախատեսում են մեծացնել ծավալներն ու եկամուտը։ 

Ձուկը տալու փոխարեն ավելի լավ է կարթը տալ

Հայաստանյան բիզնես շուկան արցախցիների համար նոր միջավայր է, որին պետք է նախ ծանոթանալ, հետո հարմարվել և պատրաստ լինել փոփոխություններին․ մշտապես տեղեկացված ու ճկուն գործելը պարտադիր է․ նշվում է բիզնես փորձագետ Հռիփսիմե Քոչարյանը։

«Միանվագ աջակցությունները, որպես առաջին օգնություն կարևոր են, բայց հետո ավելի լավ կլինի կրթական ծրագրեր իրականացնել ու կրթել ձեռներեցներին, ինչ-որ միջոցառումներ կազմակերպել։ Ձուկը տալու փոխարեն պետությունը լավ կանի կարթը տա, շահառուն ձուկը որսա»,- մեզ հետ զրույցում ասում է Հռիփսիմե Քոչարյանը։ 

Պետությունը չունի աջակցման ծրագրեր արցախցի ձեռներեցների համար
և չունի տվյալներ, թե բռնի տեղահանված արցախցիներից քանիսին են բիզնես սկսել

Արդյո՞ք հայտնի է, թե բռնի տեղահանումից հետո քանի արցախցի է Հայաստանում բիզնես հիմնել՝ գրանցելով իրավաբանական անձ․ փորձեցինք ճշտել արդարադարության նախարարությունից։ Նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրին, որ  2023թ. սեպտեմբերի 19-ից մինչև 2025թ. մարտի 24-ը գրանվել է 292 իրավաբանական անձ և 70 անհատ ձեռնարկատեր։ Սակայն սրանք ընդհանուր տվյալներ են և չկա որևէ տեղեկություն, թե սրանցից քանիսն են գրանցվել  տեղահանված արցախցիների կողմից։ 

Էկոնոմիկայի նախարարությունից հետաքրքրվեցինք՝ աջակցության ի՞նչ ծրագրեր են իրականացվել Արցախից բռնի տեղահանվածների համար։ Պատասխանում նշվում է, որ որևէ առանձին ծրագրեր չկան․ «․․․ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների համար առանձին աջակցության ծրագրեր չի իրականացնում, սակայն վերջիններս կարող են օգտվել նախարարության մշակած պետական աջակցության ծրագրերից։ Տեղեկացնում ենք նաև, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների վերաբերյալ նախարարությունն առանձին հաշվառում չի իրականացնում»։

Նշվում է նաև, որ որոշ ծրագրերում արցախցիների համար որոշակի արտոնություններ կան։ Սակայն պատասխանում նշվել է միայն մեկ ծրագրի՝ ՊԵԿ-ի հետ համագործակցությամբ իրականացվող «Մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման միջոցառում» աջակցության ծրագրի մասին։ ՊԵԿ տվյալներով՝ 2025թ. հունվարի 22-ի դրությամբ ծրագրին դիմել է 78 շահառու, որից  33-ն Արցախից տեղահանված անձիք են։ 

Պետությունն ունի ներուժ և պետք է աջակցի․ տնտեսագետ

Այո՛, արցախցի գործարարների համար հայաստանյան բիզնես շուկայում խնդիրներ շատ կան՝ տարածքի բարձր վարձավճարների, ճանաչելիության, ֆինանսների ներգրավման, հարկային բեռին դիմանալու և այլն։ Տնտեսագետ Հրանտ Միքայելյանն ասում է, որ պետությունը պետք է օգնի ժամանակավոր իր պաշտպանության տակ վերցրած այս մարդկանց՝ այդ խնդիրները լուծելու ճանապարհին։ 

Նրա կարծիքով՝ ճիշտ ուղղությունը կլինի այն, որ պետությունը ցածր վարձավճարով տարածքներ տրամադրի արցախցիներին՝ նրանց բիզնեսը զարգացնելու համար։ «Օրինակ, բիզնես կենտրոն կարող է ստեղծվել՝ օֆիսային կամ գուցե առևտրային տարածքով, որտեղ հենց արցախցիների բիզնեսը տեղակայված լինի։ Սա նաև թույլ է տալու, որպեսզի նրանք միասին գործեն և լուծվի նաև նաև ադապտացիայի խնդիրը»,- տնտեսագետը կարծում է, որ պետական աջակցության այս տարբերակը բավականին հեռանկարային է։

Տնտեսագետը նշում է նաև, որ Հայաստանի Հանրապետությունը ունի նաև նրանց հարկային բեռը թեթևացնելու ներուժ․ «Օրինակ, պետք է արտոնյալ վարկեր տրամադրել, որպեսզի նրանք կարողանան բիզնես սկսել։ Այստեղ երևի հարկը չպետք է լինի 0%, բայց պետք է լինի, ենթադրենք, ընդհանուր դրույքի կեսի չափով»։ 

Այս բոլոր հարցերից զատ կա ևս մեկ կարևոր խնդիր՝ ապահովել պայմաններ Հայաստանից չարտագաղթելու․ «Հայաստանի համար շատ կարևոր է արցախցիներին պահել Հայաստանի տարածքում և այդ կանխավարկածով պետք է քաղաքականություն վարել։ Օրինակ, եթե մարդիկ մնում են կամ եթե ամբողջ ընտանիքը մնում է, ապա վարկի ավելի արտոնյալ տոկոսներ պետք է տրամադրել»։

Հեղինակ՝ Ասպրամ Ավանեսյան

Նյութը պատրաստվել է «Աջակցություն կին ձեռներեցներին» ծրագրի շրջանակներում՝ «Կետ 33» ՀԿ-ի կողմից՝ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է միայն ստեղծողը, դրանում արտահայտված տեսակետները կարող են չհամընկել դեսպանատան տեսակետների հետ։