Ընտանիքամետ աշխատավայր՝ «Արմենեկոպ»․ աշխատողները երջանիկ են, ավելի մոտիվացված ու ավելի լավ են աշխատում

«Միշտ թողնում ենք, որ դասընթացների, աշխատանքի ժամանակ ցանկության դեպքում երեխաները մայրիկների կողքին լինեն: Մեր գործելակերպն այդպիսին է, նպատակը հենց մանկահասակ երեխաներ ունեցող մայրիկների համար ցանկալի պայմաններ ստեղծելն է»,- այսպես են ներկայացնում «Արմենեկոպ» կանանց սոցիալական ձեռնարկությունը հիմնադիրներ Աիդա Աթաբեկյանն ու Արթուր Ղազարյանը:  

«Արմենեկոպ» կանանց սոցիալական ձեռնարկությունը հիմնադրվել է 2018 թ.-ին: Նպատակը  երիտասարդ կանանց զբաղվածության խթանումն է,  նրանց սոցիալ-տնտեսական կարգավիճակի բարելավումը,  որի համար  յուրաքանչյուր տարի հավաքագրում են հիմնականում մանակահասակ երեխաներ ունեցող 20 գործազուրկ կանանց Դիլիջան խոշորացված համայնքից և նրանց համար կազմակերպում կարուձևի անվճար դասընթացներ։ 

Ինչպես վստահեցնում են հիմնադիրները՝ արդյունքում կանանց գերակշիռ մասը կարողանում է աշխատանք գտնել, իսկ մյուսներին իրենք են աշխատանքով ապահովում՝ կազմակերպության արտադրական հատվածում։

Նշենք, որ «Արմենեկոպ» սոցիալական ձեռնարկությունն արտադրում է մատիտների նորարարական տուփեր և կտորե պայուսակներ՝ դիլիջանյան նկարազարդումներով: Այստեղ չեն մոռանում նաև բնապահպանական խնդիրների մասին՝ ամեն տարի պատրատելով և առևտրի կետերին անվճար բաժանելով 500 կտորե պայուսակներ, որոնց միջոցով նվազեցվում է պլաստիկ տոպրակների կիրառությունը համայնքում։

Թեև կազմակերպությունը չունի հատուկ մշակված ընտանիքամետ քաղաքականություն, սակայն իր գործունեությամբ տարիներ շարունակ ապացուցում է իր՝ հենց  այդպիսին լինելը: 

Այսպես՝ այստեղ երեխաների համար կա առանձնացված սենյակ, որտեղ անվճար հիմունքներով խնամում ու զբաղեցնում են իրենց աշխատակիցների ու դասընթացներին մասնակցող կանանց երեխաներին, սակայն միևնույն ժամանակ թույլատրվում է, որ ցանկության դեպքում երեխան լինի մայրիկի կողքին։ 

«Երեխաները մայրիկի հետ նույնիսկ զուգահեռ դպրոցի դասերն են պատրաստում։ Մենք ըմբռնումով ենք մոտենում, քանի որ տեսնում ենք, որ դրանից մայրիկներն ավելի երջանիկ, ավելի մոտիվացված են գալիս աշխատանքի ու ավելի լավ են կատարում աշխատանքը»,-պատմում է Աիդա Աթաբեկյանը:

Նրա խոսքով՝ կրծքով կերակրող աշխատող դեռ չեն ունեցել, սակայն ունեն նոր վերանորոգված առանձին սենյակներ, որտեղ մայրիկները կարող են հոգալ երեխաների կարիքները, եթե անհրաժեշտություն լինի։

Կազմակեպության՝ ընտանիքամետ լինելու գործիքներից մեկն է նաև հավելյալ ազատ օրեր տրամադրելը․ 

«Մենք ընտանիքի հետ կապված ցանկացած իրավիճակում թույլատրում ենք վերցնել ազատ օրեր, ժամեր, հարմարեցնել աշխատանքային գրաֆիկն ընտանիքի կարիքներին և այլն»,- նշում է Աիդա Աթաբեկյանը:

Լուսանկարները՝ «Արմենեկոպ»-ի արխիվից