Ինչպե՞ս է կազմակերպվում «արձակուրդից արձակուրդ գնալը»՝ երկրորդ երեխայի ծնունդից հետո․ նախարարության պարզաբանումը
Մեր հետևորդների շրջանում ամենահաճախ տրվող հարցերից մեկը վերաբերում է առաջին երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ընթացքում երկրորդ երեխա ունենալու դեպքում արձակուրդի և նպաստի իրավունքին։ Օրինակ, երեխան 1 տարեկան է, աշխատող մայրը երեխայի խնամքի արձակուրդում է և շուտով ծնվելու է երկրորդ բալիկը, ինչպես է երկարաձգվելու արձակուրդը։
Այս հարցի մասին խոսել ենք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանի հետ:
Նրա խոսքով՝ քանի որ խնամքի արձակուրդը տրամադրում է գործատուն, ամեն դեպքում արձակուրդի համար պետք է դիմել հենց նրան: Քանի որ ավագ երեխայի ծննդյան կապակցությամբ կինն արդեն իսկ գտնվում է խնամքի արձակուրդում, և ավագ երեխայի երկու տարին դեռ չի լրացել, գործատուն կնոջ ներկայացրած ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա վճարում է մայրության նպաստ, և կինը շարունակում է առաջին երեխայի կապակցությամբ մնալ խնամքի արձակուրդում:
Տիկին Գալստյանը հստակեցրեց, որ արձակուրդը չի ընդհատվ10ում, որպեսզի ծնողը շարունակի ստանալ երեխայի խնամքի նպաստը: Իսկ երբ արդեն ավագ երեխայի 2 տարին կլրանա, կինը կրտսերի ծննդյան կապակցությամբ կվերցնի խնամքի արձակուրդի մյուս ժամանակահատվածը: Ընդ որում՝ մինչև երեխայի 2 տարեկանը լրանալը կնոջը կվճարվի նաև խնամքի նպաստ, դրանից հետո, մինչև երեխայի երեք տարեկանը լրանալը, կնոջը կտրամադրվի անվճար խնամքի արձակուրդ:
«Խնամքի նպաստ նշանակելու համար կինը պիտի դիմի ցանկացած տարածքային բաժին, իսկ մայրության նպաստը կվճարի գործատուն: Կինը միառժամանակ երկու երեխայի համար կստանա խնամքի նպաստ, այսինքն՝ երկու խնամքի նպաստ՝ մինչև ավագի երկու տարեկան դառնալը, իսկ հենց 2 տարին լրացավ, մեկը կդադարի, և կինն արդեն միայն կրտսերի համար կստանա նպաստ»,-իր խոսքը պարզաբանեց տիկին Գալստյանը:
Նա նաև հավելեց, որ գումարի չափը կախված է այն բանից, թե կինը գտնվում է խնամքի արձակուրդում, թե՝ ոչ: «Եթե գտնվում է խնամքի արձակուրդում, երեխայի նպաստի չափը 37 500 դրամ է, եթե չի գտնվում խնամքի արձակուրդում, այսինքն՝ որոշում է դուրս գալ աշխատանքի, 31 600 դրամ է»,-նշեց Անահիտ Գալստյանը:
Երեխայի խնամքի նպաստների մասին կարող եք կարդալ այստեղ։