Աստղիկ Կարապետյանը հանդիպել է Անդրեա Բոհաչիկովայի հետ
Սեպտեմբերի 4-ին Պրահայում «Կետ 33» կազմակերպության նախագահ Աստղիկ Կարապետյանը հանդիպում է ունեցել չեխական M.arter սոցիալ-կրթական կազմակերպության հիմնադիր և գործադիր տնօրեն Անդրեա Բոհաչիկովայի հետ:
Պրահա այցն ու հանդիպումը կազմակերպվել է «Դարձնենք ընտանիքամետ աշխատավայրը իրական» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են չեխական և հայաստանյան փորձը՝ ընտանիքամետ քաղաքականություններ, աշխատավայրում ճկուն պայմաններ ունենալուն, վճարվող արձակուրդին, երեխայի խնամքի կազմակերպմանն աջակցող իրավական կարգավորումներին և այլ թեմաների առնչվող հարցեր։
Նշենք, որ «M.arter»-ը կրթական և ցանցային հարթակ է երեխաների խնամքի արձակուրդում գտնվող կանանց համար: Այն օգնում է կանանց աշխատանքի շուկա վերադառնալու, անձնական զարգացման, ինչպես նաև սեփական բիզնեսի բացման և զարգացման հարցերում: Բացի այդ՝ կազմակերպությունը նաև օգնում է գործատուներին աշխատողների հետ կապված բազմաթիվ հարցերում:
«Մեր թիմը հավատում է, որ երեխաների դաստիարակությունը խոչընդոտ չէ աշխատելուն»,-վստահեցնում են M.arter-ում:
Քննարկման արդյունքում ստացված տեղեկությունները ներառվելու են ընտանիքամետ քաղաքականություններին վերաբերող և «Դարձնենք ընտանիքամետ աշխատավայրը իրական» ծրագրի շրջանակում իրականացվող հետազոտության մեջ, որը ավարտուն տեսքով կհրապարակվի առաջիկայում։
Ստորև ներկայացնում ենք հատվածներ Անդրեա Բոհաչիկովի հետ զրույցից․
Ընկերության գործունեության հիմքում մայրերին օգնելն է աշխատաշուկա մտնել։ Թիմի 45 անդամներից 97 տոկոսը ծնողական կամ մայրության արձակուրդում գտնվող կամ էլ արձակուրդից հետո վերադարձած կանայք են։
Ընդհանուր առմամբ, մենք ընդգծել ենք, որ ծնողական արձակուրդը դադար չէ, բայց իրականում այն հենց դրան է նման: Առաջին խնդիրը, որին բախվում են ծնողները, ինքնավստահության կորուստն է, ինչպես նաև աշխատաշուկայում իրենց արժեքը կորցնելու վախը: Ես հաճախ եմ լսում. «Որքա՞ն եք վճարում մայրիկին»: Իմ պատասխանը միշտ հետևյալն է. «Ինչու՞ եք կենտրոնանում նրա՝ մայր լինելու փաստի վրա: Դուք վճարում եք որակավորման, տարիների փորձի և կոմպետենտության համար, ոչ թե ծնողական կարգավիճակի»։
Իսկ երկրորդ խնդիրը ճկուն պայմաններով աշխատատեղերի բացակայությունն է։ Օրինակ, եթե միայնակ ծնող ես, դա էական խնդիր է: Այս դեպքում ոչ թե ուղղակի ուզում ես աշխատել, այլև պետք է աշխատես: Սրանք հակադիր բաներ են։ Այնպես որ, մարտահրավերներն են ինքնավստահությունը, ճկուն պայմաններով աշխատատեղերի բացակայությունը, իսկ երրորդը մեր երկրում տարածված մտածելակերպն է։ Չեխիայում գոյություն ունի «մայրության տուգանք»։
Յուրաքանչյուր երեխայի ծնունդը, յուրաքանչյուր ծնողական արձակուրդը և այն, թե որքան ժամանակ ես մնում ծնողական արձակուրդում, նպաստում են սեռերի միջև աշխատավարձերի տարբերությանը և ազդում ֆինանսական ապագայիդ վրա: Ծնողական արձակուրդը և մայրությունը խոշոր գործոններն են, որ տանում են այդ անհավասարությանը:
Սակայն եթե ես ծնողական արձակուրդը դիտարկեմ որպես խնդիր կամ բեռ իմ ընկերության համար, ապա այն կդառնա այդպիսին: Իսկ եթե ես դրան նայեմ որպես ավելի ճկուն աշխատանքային տարածք ստեղծելու հնարավորություն ոչ միայն ծնողների, այլև տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց և այլ խմբերի համար, դա կարող է աներևակայելի շահավետ լինել: Խնդիրն այն է, որ շատ ընկերություններ ծնողական արձակուրդը տեսնում են որպես խոչընդոտ իրենց դրամական հոսքերի համար, ոչ թե հնարավորություն: Այս մտածելակերպը այն հիմնական գործոններից է, որոնց պատճառով ծնողական արձակուրդն այդքան էական խնդիր է Չեխիայում:
Ընդհանուր առմամբ, հաստիքների մոտ 40%-ը կարող է ճկուն լինել, իսկ 60%-ը՝ որոշակիորեն ճկուն։ Գործարանները միայն արտադրություն չեն. այնտեղ կան նաև ծառայություններ, վարչակազմ և տարբեր բաժիններ: Օրինակ, եթե դուք գործարանի տնօրեն եք և ունեք Մոնիկայի պես աշխատող, ով մայր է, կարող եք ուսումնասիրել, թե ինչպես նա կարող է հմտանալ տեքստեր կազմելու, մարքեթինգի կամ հաշվապահության ոլորտներում: Այս մոտեցումը կարող է նոր հմտություններ և հեռանկարներ բերել ձեր ընկերություն: Որպես գործարանի տնօրեն՝ բացառապես ներկա պահի մարտահրավերների վրա կենտրոնանալու փոխարեն արժե մտածել, թե ինչպես կարող ես լուծումներ գտնել և օգտագործել այս իրավիճակներն աճի համար:
Կարծում եմ` շատ բան է փոխվել [ընկերության հիմնադրումից ի վեր] այս հինգ տարիների ընթացքում, թեև դա ամբողջական շրջադարձ չէ կամ մեր սկսած կետին հակադարձ վիճակ: Այո՛, փոփոխություն կա։ Մենք հիմա ավելի բաց ենք քննարկում այս թեմաները: Օրինակ՝ երկու տարի առաջ ես խորհուրդ տվեցի օրենք ընդունել, որը կաջակցի ոչ ամբողջական ժամանակով հաստիքների շատացմանը․ սա ենթադրում էր հարկային արտոնություններ այդպիսի հաստիքներ ունեցող ընկերություններին։ Այս օրենքի արդյունքում ստեղծվեց 22000 նոր ոչ լրիվ աշխատաժամանակով հաստիք:
[Այս կարգավորումը սկսել է 2023 թվականի փետրվարից․ նախատեսվում է, որ այն գործատուները, որոնք առաջարկում են կրճատված ժամերով աշխատանքներ, 5% զեղչ են ստանում աշխատողների սոցիալական ապահովագրության վճարներից: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով, օրենսդրական կարգավորման շահառուները երեխա խնամող և աշխատող ծնողներն են և 55 տարեկանից բարձր անձինք։]
Գործարանների տնօրենների, ստորաբաժանումների ղեկավարների և ընկերությունների ղեկավարների մտածելակերպում ճկուն աշխատանքը հաճախ դիտվում է որպես խնդիր կամ նվեր աշխատակիցներին: Ես էլ նրանց ասում եմ. «Դա նվեր է երկու կողմին, ոչ միայն աշխատակիցներին»: