Փողերի ներգրավում․ մեծ խնդիր բիզնեսի սկզբում
Երբ նոր ես նախաձեռնում բիզնես ու չունես ֆինանսավորում, տարբեր խնդիրների ես առճակատվում․ իր փորձի մասին պատմում է 48-ամյա Նաիրա Պողոսյանը, ով երկար տարիներ թարգմանչի իր մասնագիտությամբ աշխատելուց հետո սեփական բիզնեսն է սկսել։
Եթե շտապում ես, ապա նայիր նյութի վիզուալ տարբերակն այստեղ։
2021-ին Նաիրան հիմնելադրել է բանակցային հմտությունների վարպետության (coaching) ծառայություն: Ասում է, որ սա մեծ պահանջարկ ունեցող ծառայություն է։ Այս ծառայություններից օգտվում են ոչ միայն բանակցային հմտություններ ձեռք բերել ցանկացողները, այլև բիզնեսում կամ անձնական տարբեր հարցերի լուծումներ փնտրողները․
«Երբ մարդը ներկայացնում է իր խնդիրը, ինչ-որ հարաբերությունների փակուղային իրավիճակը, coach-ը ճիշտ հարցադրումներով փորձում է նրան օգնել գտնել լուծումներ ու ելքեր»,- ասում է Նաիրան:
Ֆինանսական ռեսուրսների փնտրտուքով Նաիրան ուր ու ում ասես, որ չի դիմել.
«Օրինակ, Եվրոպայում անտոկոս վարկ է տալիս պետությունը, նորաստեղծ բիզնեսներին պետական աջակցություն կա, մեր պետությունում դա չկա: Ես ոչ մի աջակցություն չեմ գտել: Հայաստանում մենք ուզում ենք տնտեսություն զարգացնել, բայց հարկատուին միայն խեղդում ենք, ոչնչացնում ենք, ուրիշ ոչ մի բան չենք տալիս»:
Պետությունից հույսը կտրած՝ Նաիրան դիմել է նաև տարբեր մասնավոր կազմակերպությունների, բայց այնտեղ էլ ակնկալիքները չեն արդարացել.
«Այո՛, կան կազմակերպություններ, որոնք դրամաշնորհ են տալիս, բայց երբ գնում ես մասնակցելու, այնտեղ այնքան կատաղի մրցակցություն է, քեզ կարող են չսիրել քո կոմպետենտության համար: Մի քիչ թույլ եղար, կարող ես գլուխդ այնպես կորցնել: Ես 4 տարբեր ծրագրերի մասնակցել եմ, որից, օրինակ, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը շատ ցածր տոկոսադրույքով վարկ էր տալիս (մարզում բիզնես միջավայրի բարելավմանը և մասնավոր հատվածի մրցունակության բարձրացմանն ուղղված ծրագրով,- հեղ․), բայց անշարժ գույքի գրավադրում էր ուզում, իսկ իմ ընտանիքն ինձ այդ հարցով չէր օգնի»:
Իր բիզնես գաղափարի հաջողության հարցում Նաիրային հաջողվել է համոզել մտերիմ ընկերներից մեկին, որն էլ պատրաստակամություն է հայտնել ֆինանսավորել իր գաղափարը, սկսել բիզնես.
«Ես երկու տարի միայն coaching-ի բիզնես կողմն եմ ուսումնասիրել, շատ լավ վճարվող ծառայություն է ամբողջ աշխարհում: Օրինակ ՌԴ-ում մեկ սեսիայի համար coach-երը կարող են վերցնել 2000-5000 դոլար, Արաբական ծոցի երկրներում ավելի շատ՝ կես ամսում կարող ես աշխատել մինչեւ 30.000 դոլար: Հայաստանում մի սեսիան այս պահին արժե 25.000 դրամ»:
Ներդրողներ գտնելը խնդիր է
Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասում է, որ ֆինանսական ռեսուրսների ներգրավումը բիզնեսի ամենագլխավոր հարցերից մեկն է։ Ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու մի քանի աղբյուրներ է նա նշում՝ սեփական խնայողությունների ներդրում, փոխառություններ, ներդրումներ։ Վերջինի դեպքում մեծապես կարևոր է բիզնեսի գաղափարը․
«Շատերը իրենց գումարները պատրաստ են ներդնել այն նախագծերում, որոնք ոչ միայն ներքին շուկայի, այլև արտասահման ընդլայնվելու նպատակ ունեն, իսկ այսպիսի նախագծեր քիչ են Հայաստանում կազմվում ու ներկայացվում: Մենք իսկապես ունենք հետաքրքիր գաղափարներով start-up-ներ սկսելու խնդիր»:
Նաիրա Պողոսյանն էլ նշում է, որ կարող ես «միլիոն հատ լավ գաղափար ունենալ, հաշվարկած պլան, ֆինանսական վերլուծություն», բայց ներդրողին դա չհետաքրքրի։ Իսկ «չհետաքրքրելու» պատճառները տարբեր են․ օրինակ, կարող են ներդրում անել ոչ թե որովհետև ծրագիրը իրատեսական է կամ հավատում են դրա հաջողությանը, այլ որովհետև հեղինակն իրենց ծանոթ-բարեկամ-մտերիմն է։
Այս ոլորտի մի քանի խնդիրների մասին էլ է նա խոսում․ «Մենք սիրում ենք արագ դնել, արագ հետ վերցնել: Չենք նայում դրա երկարաժամկետությանը ու անլուրջ ենք նայում այն մարդկանց, որոնք չունեն ֆինանսական միջոցներ, այդ տիպի մարդկանց վերևից են նայում: Հետո կարող են քեզ լսել, քո իդեան իրագործեն առանց քեզ, այս խնդիրն էլ կա»։
Նաիրա Պողոսյանի խոսքով՝ սկսնակ գործարարին անընդհատ մերժումները կարող են կոտրել. «Իմ անձնական փորձից եմ ասում, որ պետք է այնքան ուժեղ լինես, որ թևաթափ չլինես, հավատաս, որ դրա ելքը կգտնես, եթե ունես ցանկություն ինչ-որ բան անելու»:
ՓՄՁ ասոցիացիայի խորհրդի անդամ, «Լակտինա» բրենդի հիմնադիր Կարինե Ղուկասյանի խոսքով, ներդրումներ ներգրավելու համար կարևոր է երկխոսելու, համոզելու արվեստը։ Եվ հաշվի առնելով, որ կին ձեռներեցները ավելի փոքր քայլերից են սկսում բիզնեսը, ապա ընտանեկան բյուջեից ներդրումներն էլ կարող են լուծում լինել․
«Կանանց ներդրումները այնքան շատ չեն, որ ընտանիքի վրա բեռն երևա: Հավանական է, որ բիզնես սկսելու գումարը համեմատական լինի այդ տան համար գույք գնելուն՝ հեռուստացույց, կահույք…։ Այդ գումարի սահմաններում մեր կանայք այնքան լավ գաղափարներ են ունենում: Երկխոսելու, համոզելու արվեստ է պետք»:
Դրամաշնորհներ՝ ձեռներեցությամբ զբաղվել ցանկացող կանանց
Բիզնեսի ֆինանսավորման աղբյուրներից են դրամաշնորհները։ Պարբերաբար կարելի է հանդիպել դրանց վերաբերյալ հայտարարությունների սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում։
Կին սկսնակ ձեռներեցներին մինչև 2 միլիոն դրամ դրամաշնորհներ` ֆինանասկան անհատույց դրամական աջակցություն է տրամադրում Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ)՝ «Կին ձեռներեցներ» ծրագրով։
ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրի ղեկավար Տաթևիկ Մանուկյանն ասում է, որ ծրագրի մասնակիցներն անցնում են ընտրության մի քանի փուլով: Առաջին փուլում դիմողների հայտերը ընթերցվում և գնահատվում են առնվազն 3 մասնագետի կողմից։ Բարձր գնահատական ստացած հայտերի հեղինակները հաջորդ փուլում հրավիրվում են հարցազրույցի, որի ժամանակ կարևովում է մասնակցի մոտիվացիան, աշխատելու պատրաստակամությունը, բիզնեսի մրցունակությունը և հեռանկարայնությունը։
Հարցազրույցն անցածները սկսում են ծրագրի հիմնական փուլը՝ 3-4 ամիս տևողությամբ բիզնես դասընթացների են մասնակցում, կազմում են իրենց բիզնես պլանը՝ աշխատելով տարբեր մասնագետների, այդ թվում բիզնես խորհրդատուի հետ:
Ծրագրի հաջորդ փուլում դրամաշնորհներ ստանալու համար ներկայացվում են բիզնես պլանները։ Տաթևիկ Մանուկյանը նշում է, որ հաղթող մասնակիցներին տրամադրվող դրամաշնորհը փոխանցվում է գրանցված բիզնեսի բանկային հաշվին: Մեկ տարվա ընթացքում նրանք պետք է կատարեն տրամադրված գումարով իրենց բիզնես պլանով նախատեսած ծախսերը, իսկ այդ 1 տարվա ընթացքում ՀԲԸՄ-ը հետևում է նրանց գործունեությանը, մասնակիցներից ստանում հաշվետվություն բիզնես ձեռքերումների մասին.
Նա նշվում է, որ դրամաշնորհի առավելագույն չափը 2 միլիոն դրամ է և գումարի չափը տրվում է՝ հաշվի առնելով բիզնեսի կարիքները․ «Օրինակ, հնարավոր է մասնակիցը բիզնեսը զարգացնելու համար 1,5 միլիոն դրամի հիմնական միջոցներ ձեռք բերելու անհրաժեշտություն ունի, բնականաբար, դիտարկվում է մասնակցի բիզնես պլանը և գումարը տրամադրվում է ըստ բիզնես կարիքի»։
Պետության արձագանքը՝ կին ձեռներեցներին աջակցելու վերաբերյալ
Ի պատասխան մեր այն հարցին, թե արդյո՞ք պետությունն ունի մեխանիզմներ սկսնակ կին ձեռներեցներին էժան վարկեր տրամադրելու կամ ֆինանսներ ներգրավելու հարցում աջակացելու համար, էկոնոմիկայի նախարարությունից պատասխանել են․
«Էկոնոմիկայի նախարարության ծրագրերը լայն ընդգրկում ունեն և չեն թիրախավորում առանձին խմբեր և պետական քաղաքականությունը ուղղված է ձեռներեցության և բիզնեսի զարգացման համընդհանուր աջակցության ապահովմանը՝ առանց տարիքային կամ սոցիալական խմբերի սահմանափակման։ Կանանց ձեռներեցության խթանումն դիտարկվում է գործող պետական և միջազգային ծրագրերի համատեքստում»։
Իսկ ահա 2025 թ-ի «ՓՄՁ սուբյեկտներին պետական աջակցության ծրագրերի համակարգում և կառավարում» տարեկան ծրագրի նախագծի 5-րդ միջոցառմամբ նախատեսվում է կանանց, երիտասարդների և սոցիալական ձեռներեցության խթանում։ Մասնավորապես՝ կազմակերպել նպատակային քննարկումներ և հանդիպումներ՝ ձեռնարկատիրական հնարավորությունների, պետական աջակցության ծրագրերի և ֆինանսավորման մեխանիզմների վերաբերյալ։
Նույն միջոցառմանը վերաբերող բաժնում նշվում է «կխրախուսվի կանանց և երիտասարդների ակտիվ մասնակցությունը «Գաղափարից դեպի բիզնես» ծրագրում»։ Այս ծրագիրը նախատեսված է միայն սկսնակ տեխնոլոգիական ընկերություններին և գիտահետազոտական թիմերին ֆինանսավորելու և այլ ռեսուրսներ տրամադրելու համար։
Ի դեպ, էկոնոմիկայի նախարարությունը «ՓՄՁ սուբյեկտներին պետական աջակցության ծրագրերի համակարգում և կառավարում» տարեկան ծրագրի նախագծի վերաբերյալ ընդունում է առաջարկություններ և դիտարկումներ այս հղումով։
Հեղինակ՝ Արփինե Սիմոնյան
Նյութը պատրաստվել է «Աջակցություն կին ձեռներեցներին» ծրագրի շրջանակներում՝ «Կետ 33» ՀԿ-ի կողմից՝ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է միայն ստեղծողը, դրանում արտահայտված տեսակետները կարող են չհամընկել դեսպանատան տեսակետների հետ։