Աննա Ասատրյան «Հրաշքի ծնունդը»
«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։
Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։
Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։
Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։
***
Հեղինակ՝ Աննա Ասատրյան
Հրաշքի ծնունդը
(պատմվածքի սյուժեն ամբողջությամբ հիմնված է իրական դեպքի վրա)
(հերոսների անունները փոխված են)
Առավոտ վաղ Արեգան հուզված այս ու այն կողմ էր գնում՝ գրպանում պահած հղիության լուրի անակնկալ տուփը: Վերջապես ամուսնու հետ մենակ մնացին: Արեգան ամուսնուն մեկնեց տուփը և սրտատրոփ ամուսնու արձագանքին սպասեց: Ամուսինը շատ ուրախացավ ու արդեն կանխատեսումներ էր անում, թե ինչ ում է նման լինելու իրենց առաջնեկը: Ամեն օր կնոջն ուրախացնում էր՝ անկողնում համեղ նախաճաշերով ու գեղեցիկ անակնկալներով:
Եկավ այդքան սպասված օրը, որ պիտի առաջին անգամ գնային իրենց շատ երազած բալիկին տեսնելու: Մելանյայի խորհրդով գնացին քաղաքի ծննդատան լավագույն գինեկոլոգի մոտ: Բժշկուհին միջին տարիքի կին էր և շատ մոտիկ էր Մելանյայի ընտանիքի հետ:
Երբ ամուսինները մտան բժշկուհու աշխատասենյակ, բժշկուհին սկսեց խոսակցությունը.
-Աղջիկ ջան դու հենց մեր քաղաքի՞ց ես:
-Ոչ, – պետասխանեց աղջիկը ես այլ մարզից եմ Խաչաշատ գյուղից:
Բժշկուհին միանգամից մռայլվեց և գրեթե բղավեց.
-Դու Բարսամյանի գյուղից ես, ասա՛, դու նրա բարեկա՞մն ես:
Արեգան շփոթվեց.
-Ո՛չ, գիտեմ ուղղակի, որ նա իմ համագյուղացին է, բայց անձամբ չեմ ճանաչում:
– Քո համագյուղացի Բարսամյանը խաղացել է իմ պատվի հետ, իմ ընտանիքի անվան հետ, ես չեմ ուզում իր հետ առնչություն ունենալ,- անզուսպ գոռում էր բժշկուհին:
Մի քանի րոպե հետո ամեն դեպքում բժշկուհին որոշեց նայել Արեգայի բժշկական թղթերը և վերջապես հարցրեց առողջական վիճակից.
-Հմ, այստեղ երևում է, որ փոքր ժամանակ սրտի վիրահատություն ես տարել: Գիտե՞ս, դու բարձր ռիսկի խմբի հղի ես համարվում, ես իրավունք չունեմ քեզ հաշվառման վերցնելու, պետք է մայրաքաղաք գնաս: Բայց քանի որ Մելանյան ասել է քեզ համար, ես կվերցնեմ քեզ: Արի ինձ հետ:
Բժշկուհին Արեգային և ամուսնուն ուղեկցեց մեկ այլ սենյակ, որտեղ նստած էր հղիությունը վարող մեկ այլ բժշկուհի:
– Ծանոթացի՛ր, Ալյա Մակարովնան է, ինքն է վարելու քո հղիությունը, մենք իրար հետ ենք գործ անում, քավոր-սանիկ ենք, – ներկայացրեց բժշկուհին,- բայց ինչ հարց կունենաս, ինձ դիմիր, համարս կտամ:
Մի քանի օր հետո Արեգան զանգեց բժշկուհուն.
-Բարև Ձեզ բժշկուհի ջան, հղիությանս մասին տեղյակ եմ պահել սրտաբանական հիվանդանոցին, որտեղ հսկվում եմ, անհրաժեշտ է հետազոտություն անցնել:
– Երբ ժամանակը կգա մենք ճիշտ կգտնենք կուղարկենք, ավելորդ քեզ ծանրաբեռնում ես,-քամահրանքով ասաց բժշկուհին:
Հերթական այցի ժամանակ Արեգան բժշկուհի Ալյա Մակարովնայից փորձեց ճշտել, թե ի՞նչ ճանապահրով է լինելու ծննդալուծումը, քանի որ սրտաբանականի բժիշկները և ուրիշ գինեկոլոգներ պնդում էին, որ պարտադիր կեսարյան հատում է լիելու իր դիագնոզի դեպքում: Ալյա Մակարովնան ամեն անգամ հանգիստ պատասխանում էր, որ եթե երեխայի դիրքը թույլ տա, անպայման բնական ճանապարհով է լինելու ծննդալուծումը:
Կիրակի օր էր: Բոլորը տանն էին: Արեգան հանկարծ անսովոր արտադրություն նկատեց: Զանգեց Այլա Մակարովնային.
-Բարև Ձեզ, բժշկուհի ջան, ինձ մոտ արտադրություն է սկսվել Դուք հերթապահու՞մ եք այսօր:
-Ո՛չ, այսօրվա հերթապահի մոտ գնա, ես չեմ կարող գալ ծննդատուն, ինձ մոտ վաղը կգաս,- ասաց Ալյա Մակարովնան:
Հերթապահ բժշկուհին և բուժքույրը չկամությամբ ու մրթմրթալով ընդունեցին Արեգային.
-Հանվիր, պառկիր աղջի՛կ ջան, հիմա ձեռնոցներս հագնեմ ու գամ:
Զննելուց հետո հերթապահ բժշկուհին ասաց.
-Պետք է ստացիոնար պառկես, մոտդ շերտազատում է կարծես, ու երեխայի քաշը չի ավելանում: Բայց աղջիկ ջան էստեղ քեզ պահելու պայմաններ չկան, այնպես որ ստորագրիր, որ ինքդ ես հրաժարվում ստացիոնար բուժումից:
Բուժքույրը մի մեծ մատյան բերեց, կանգնեց Արեգայի գլխավերևում, որ վերջինս պարտադիր բառ առ բառ գրի իր թելադրածը և ստորագրի:
Վախեցած ու շփոթված Արեգան ստորագրեց և արցունքն աչքերին դուրս եկավ ծննդատնից:
Հաջորդ օրը ուլտրաձայնային հետազոտությունը ցույց տվեց, որ շերտազատում է սկսվել: Արեգան վախեցավ ու սկսեց ավելի հաճախ այցելել հետազոտության: Ռադիոլոգը, ով միշտ լավ էր վերաբերվում Արեգային ամուսնու ներկայությամբ, այլ վերաբերմունք էր ցույց տալիս նրա բացակայության ժամանակ՝ կոպտում էր, քամահրում, ծաղրում:
Այսպես ամիսներ անցան և մի գիշեր՝ ժամը 04:30, Արեգան զգաց, որ իր մոտ պտղաջրերի հոսք է նկատվում: Միանգամից զանգեց Այլա Մակարովնային.
– Բժշկուհի ջան, ներողություն եմ խնդրում այս ժամին անհանգստացնելու համար, կարծես պտղաջրերս են հոսում, հիվանդանոց գա՞մ:
– Բան էլ չկա, հերիք է բարդացնես, առավոտը կգաս,- կիսաքուն ասաց բժշկուհին:
Առավոտ վաղ Արեգան ամուսնու հետ գնաց Ալյա Մակարովնայի մոտ.
– Վերցրու՛ ուղեգիրը, մտի՛ր ուլտրաձայնային հետազոտության և պատասխանները մոտս բեր,-ասաց Ալյա Մակարովնան:
Քիչ անց արդեն պատասխանները ձեռքին Արեգան մտավ Ալյա Մակարովնայի աշխատասենյակ:
– Պարզ է, սակավաջրություն է մոտդ, պտղաջրերը դանդաղ հոսում են, հանվի՛ր հիմա ներզննում անեմ,- ձեռնոցները հագնելով ասաց Ալյա Մակարովնան:
Քիչ հետո Արեգան հագնվեց ու նստեց աթոռին:
-Դե ինչ, ամբողջ ներսդ խայտառակ վիճակ է, քեզ հիմա հակասնկային մոմիկներ կնշանակեմ, 3 օր կդնես, կգաս մոտս նորից հետազոտության կուղարկեմ,- պատվիրեց Ալյա Մակարովնան:
Ամուսինը տուն հասնելուն պես գնեց մոմիկները, սակայն երկրորդ օրը Արեգան նկատեց, որ պտղաջրերի հոսքն արագացել է մոմիկները դնելուց հետո:
Նշանակված օրը Արեգան ամուսնու հետ նորից ծննդատուն գնաց ու պարզվեց, որ պտղաջրերի հոսքի պատճառով ժամ առ ժամ և՛ երեխայի, և՛ Արեգայի ողջ մնալու շանսերը նվազում են: Ամուսինը խնդրեց Ալյա Մակարովնային կեսարյան հատում կատարել, բայց այդ պահին եկավ բժշկուհին, ով սկզբից ընդունել էր Արեգային, և նրանց միջև վեճ բռնկվեց: Որպեսզի իրենց քավոր-սանիկ հարաբերությունները չտուժեն, Ալյա Մակարովնան հրաժարվեց վիրահատել Արեգային և ամուսնուն հորդորեց տանել մայրաքաղաք: Ամուսինը խնդրեց իրենց տեղափոխել շտապօգնության մեքենայով կամ որևէ բժիշկ կցել, սակայն նրա խնդրանքն անպատասխան մնաց:
Այսպես վախեցած հասան մայրաքաղաքի առաջին պատահած հիվանդանոցը: Հերթապահ բժշկուհին հանձնարարեց բուժքույրերին շատ արագ գործի անցնել: Բոլոր անալիզների պատասխաններն արդեն պատրաստ էին և, նայելով պատասխանները, հերթապահ բժշկուհին կանչեց հարազատներին.
-Մենք չենք կարող ծննդալուծում անել, տեղ չունենք ձեր ծննդկանին վերցրեք ուրիշ ծննդատուն տարեք:
-Բայց բժշկուհի ջան, Դուք արդեն բոլոր անալիզները վերցրել եք, պատասխաններն եք նայում ու նո՞ր եք ասում, որ տեղ չունեք,- շվարած հարցրեց Արեգայի ամուսինը:
-Տղա՛ջան,- գոռաց հերթապահ բժշկուհին,- գնացե՛ք էստեղից, էս վիճակով ես ծնունդ չեմ ընդունի, տեղ չունեմ ձեր ծննդկանի համար: Ուզում ես կնոջդ միջանցքու՞մ ծննդալուծեմ:
Ու նորից Արեգան ու ամուսինը Աստծո հույսով ու հրաշքի սպասումով ճանապարհ ընկան մեծ մայրաքաղաքում գոնե մեկ ծննդատուն գտնելու՝ իրենց բալիկին լույս աշխարհ բերելու համար: Հոգնած և ուժասպառ հասան ծննդատներից մեկը, որտեղ անալիզների հանձնումից պարզ դարձավ, որ և՛ Արեգայի, և՛ փոքրիկի վիճակը շատ վատ է: Ամուսինն արցունքն աչքերին ստորագրում էր կնոջ կեսարյան հատման համաձայնագիրը, որովհետև բժիշկն ասել էր պետք է ընտրություն անի՝ կամ կինը, կամ երեխան: Ամբողջ ընթացքում Արեգան վախենում էր, լացում: Վիրահատող բժիշկները սաստում էին, որ եթե շարունակի ավելի վատ կվերջանա ամեն ինչ: Եվ այսպես ծնվեց հրաշքը: Ու ինչպես մեծական խոսքն էր ասում. ‹‹Աստված տվեց և բարուրը գիրկը դրեց››: