Տեղի ունեցավ «Հանուն ընտանիքամետ աշխատավայրի» ծրագրի ամփոփիչ միջոցառումը

Դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ «Հանուն ընտանիքամետ աշխատավայրի» ծրագրի ամփոփիչ միջոցառումը։ Ծրագիրն իրականացվել է «Կետ 33» հասարակական կազմակերպության կողմից՝ Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ։ 

«Հուսով եմ, որ մենք կշարունակենք խոսել և՛ աշխատողների, և՛ գործատուների իրավունքների մասին զուգահեռաբար և կունենանք մի համակարգ, որտեղ հնարավոր կլինի հավասարակշռել ընտանիքն ու աշխատանքը»,-  իր ողջույնի խոսքում նշեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Լուսինե Քոչարյանը՝ կարևորելով համակարգային բարեփոխումներն այս ոլորտում։ 

Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի նախագծերի ղեկավար Լիանա Բադալյանը նշեց, որ հիմնադրամը աջակցում է բոլոր այն նախագծերին, որոնք ուղղված են արժանապտիվ կյանք երաշխավորելուն, այդ թվում աշխատանքային արժանապատիվ և ընտանիքամետ աշխատավայրեր ունենալուն․ «Մեր համագործակցությունը «Կետ 33»-ի հետ միշտ առանձնանում է նախաձեռնություների ստեղծագործ բնույթով ու հանրային սոցիալական կարևորության թեմաների ընտրությամբ»։ 

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը նույնպես խոսեց ընտանիքամետ աշխատավայրեր ունենալու կարևորության մասին․ «Մենք կարևորում ենք համագործակցությունը բոլոր կողմերի միջև, այդ թվում մասնավոր սեկտորի հետ՝ դեպի  ավելի ընտանիքամետ աշխատավայրեր ունենալու երազանքին մեկ քայլով մոտ լինելու համար»։

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանն ողջույնի խոսքում նշեց, թե որքան կարևոր է գործատու լինելիս հիշել քեզ, երբ աշխատող էիր ու ընդառաջ գնալ ընտանիքամետ միջավայրի կարիքն ունեցող աշխատողներին․ «Իհարկե, համաձայն եմ, որ մենք պիտի կարողնաանք ունենալ ընտանիքամետ օրենսդրություն, որի դեպքում գործատուները կիրացնեն ընտանիքամետ աշխատավայրի հնարավորությունները»։

«Կետ 33» կազմակերպության նախագահ Աստղիկ Կարապետյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամին՝ կազմակերպության գործունեության ողջ ընթացքում ռազմավարական նախագծեր իրականացնելիս աջակցության համար։ Շնորհակալություն հայտնեց նաև ծրագրի գաղափարական գործընկերներին՝ ծրագրի արդյունավետության հարցում ներդրում ունենալու համար։

Այնուհետև Աստղիկ Կարապետյանը ներկայացրեց, որ ծրագրի շրջանակում ստեղծվել է «Ընտանիքամետ գործատու» առցանց հարթակը, որտեղ կարելի է գտնել ընտանիքամետ լինելու մասին ուղեցույցը և օգտակար տեղեկություններ գործատուների համար, ինչպեսև այստեղ ամփոփվելու են «Ընտանիքամետ գործատու» վկայական և տարբերանշան ստացած կազմակերպությունների մասին նյութեր, նրանց կողմից հայտարարություններ և այլն։ Նույն հարթակում տեղադրված է նաև «Ընտանիքամետ գործատու» տարբերանշան ստանալու համար հայտ-հարցաշարը։

Միջոցառման երկրորդ մասում տեղի ունեցավ «Ընտանիքամետ գործատու» վկայականների և հայտերի հանձնման արարողությունը։ Աստղիկ Կարապետյանը նշեց, որ այս տարի ստացվել է 16 հայտ՝ պետական, կոմերցիոն և հասարակական կազմակերպություններից։ Յուրաքանչյուր հայտ գնահատվել է նախապես սահմանված չափանիշներով։ Հաջորդ փուլերում դիմում է եղել, որպեսզի յուրաքանչյուր կազմակերպությունից ևս երկու աշխատակից լրացնի հարցաշարը (յուրաքանչյուր կազմակերպությունից 3 աշխատակից, մեկի ղեկավար լինելը պարտադիր է եղել)։ Այնուհետև ուսումնասիրվել են բաց աղբյուրներում առկա տեղեկությունները տվյալ կազմակերպության գործունեության վերաբերյալ, մասնավորապես, արդյոք չեն եղել աշխատանքային իրավունքի ոտնահարման դեպքեր վերջին երեք տարիների ընթացքում։ 

Ծրագրի գործընկերներ Երեխաների պաշտպանության ցանցի գործադիր տնօրեն Էլեն Հարությունյանը և «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Գայանե Հովակիմյանը հանձնեցին «Ընտանիքամետ գործատու» վկայականներ հետևյալ կազմակերպություններին՝

  • Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին,
  • «Արմենեկոոպ» կանանց սոցիալական ձեռնարկությանը, 
  • «Կառա և Կարեն» կաթնամթերքի արտադրության ՍՊԸ-ին։

Վկայականները ստացան Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի փոխտնօրեն Արմեն Կուլախսզյանը, «Արմենեկոոպ» կանանց սոցիալական ձեռնարկության տնօրեն Աիդա Աթաբեկյանը, «Կառա և Կարեն» կաթնամթերքի արտադրության ՍՊԸ տնօրեն Կարինե Ղուկասյանը։

«Ընտանիքամետ գործատու» տարբերանշանը հանձնվեց միայն մեկ կազմակերպության՝ Մանկական զարգացման հիմնադրամին։ Տարբերանշանը ստացավ հիմնադրամի նախագահ Լուսինե Սիմոնյանը։


Միջոցառման ժամանակ տեղի ունեցավ նաև «Ընտանիքամետ գործատու» բլոգային նյութերի և էսսեների մրցանակաբաշխությունը։ 

Բլոգային նյութերի անվանակարգում գլխավոր մրցանակը հանձնվեց Գրիգոր Հարությունյանին («Պապա բլոգի» հեղինակ)։ Մրցանակը հանձնեց Հայաստանում Ֆրիդրիխ Էբերետ հիմնադրամի ծրագրերի ղեկավար Լիանա Բադալյանը։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից հատուկ մրցանակ հանձնվեց Ինգա Մարտինյանին։ Մրցանակը հանձնեց գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը։

Էսսեների անվանակարգում գլխավոր մրցանակը բաշխվեց Նարինե Գալոյանի և Մարիաննա Շիրոյանի միջև։ Մրցանակները հանձնեցին հայտերը գնահատող ժյուրիի անդամներ Արմինե Հովհաննիսյանը և Արփի Խալաթյանը։

Շնորհակալագիր հանձնվեց Հայկուհի Մազմանյանին։