ԲՏԱ նախարարության արձագանքը՝ ընտանիքամետ գործատու լինելու հարցմանը

Ընտանիքամետ միջավայր ունենալու համար հանձառություն է ստացել կառավարությունը։  Մասնավորապես,  ՀՀ ժողովրդագրության վիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությամբ կարևորվում է ընտանիքամենտրոն քաղաքականության իրականացումը և 137-րդ կետով սահմանվում է հետևյալ նպատակը․ «Ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծում, որտեղ յուրաքանչյուր երեխայի ծնունդ նպաստում է մարդկային կապիտալի զարգացմանը»։ 

Ընտանիք-աշխատանք հավասարկշռության, ընտանիքամետ աշխատավայրերի առկայությունը կարևորվում է նաև Գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թվականների ռազմավարությամբ և միջոցառումների ծրագրով։ Մասնավորապես, 2-րդ գերակայության 12-րդ գործողությունը նախատեսում է․ «Պետական և/կամ տեղական, ինչպես նաև մասնավոր հաստատություններում ընտանիքահեն միջավայրերի ներդրմանն ուղղված աշխատանքների իրականացում»։

«Կետ 33»-ը ընտանիքամետ աշխատավայր ունենալու վերաբերյալ հարցեր է ուղղել 12 նախարարություններին, Ազգային ժողովի և վարչապետի աշխատակազմերին՝ հասկանալու համար, թե ներկայումս այս գերատեսչությունները որքանով են ընտանիքամետ աշխատավայրեր։

Հիշեցնենք, որ ընտանիքամետ է այն աշխատավայրը, որտեղ աշխատողն ունի հնարավորություն սահուն, առանց սթերսի համատեղել ընտանեկան կյանքն ու աշխատանքը, օրինակ, մոտ լինել ընտանիքի խնամքի կարիք ունեցող անդամին և միևնույն ժամանակ չկորցնել աշխատանքն ու եկամուտը։  Ընտանիքամետ աշխատավայրի հիմնական բաղադրիչներ են ա) ճկուն աշխատանքային ժամերով/պայմաններով աշխատելու հնարավորությունը, բ) վճարվող արձակուրդներ և ազատ օրեր ունենալը, գ) երեխայի/ընտանիքի անդամի խնամքի հարցում աջակցությունը, դ) Բարեկեցության և կարիերայի զարգացման կարևորումը։


Ստորև ներկայացնում ենք ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Գասպարյանի կողմից ստացված պատասխանները։ Նշենք, որ հիմնական հարցերին տրվել են թերի պատասխաններ։

Նշվում է, որ նախարարությունում աշխատում է 198 հոգի, որից 81-ը կանայք են։ 4 աշխատակից ունի մինչև երեք տարեկան երեխա և չի գտնվում երեխայի խնամքի արձակուրդում։ Ընտանիքի անդամի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողներ չկան։

Հարցին, թե արդյոք նախարարությունը, որպես գործատու, ունի ընտանիքամետ քաղաքականություն կամ պրակտիկա, տրվել է հետևյալ պատասխանը․ «Նախարարությունը որդեգրում է ընտանիք-աշխատանք հավասարակշռության գենդերայաին հավասարության վրա հիմնված փորձը, միաժամանակ կիրառելով և զուգահեռներ անցկացնելով ՀՀ օրենսդրության և պրակտիկայի հետ»։ Այս հարցի պատասխանը ենթադրում էր նկարագրել, թե կոնկրետ ինչ պրակտիկա է կիրառվում, իսկ եթե առկա է քաղաքականություն/ընթացակարգ, տրամադրել այն։ Չեն տրամադրվել տվյալներ նաև այն մասին, թե քանի հեռավար աշխատող կա նախարարությունում։

Այն հարցին, թե արդյոք կա կերակրասենյակ կամ խաղասենյակ, պատասխանում նշվել է չկա, սակայն հղում է արվել նախարարի 2020 դեկտեմբերի 28-ի թիվ 950-Ա հրամանին (որը բաց աղբյուրներում հնարավոր չէր գտնել և պատասխանին էլ կցված չէր), որի համաձայն տրվում է կերակրելու հնարավորություն աշխատանքային ժամերին։ Նշենք, որ մինչև 2 տարեկան երեխա ունեցող կանայք ունեն հավելյալ ընդմիջումների իրավունք։

Տե՛ս նաև հարցումը և արձագանքը (1, 2) ամբողջությամբ։

Հարցումներն արվել են «Հանուն ընտանիքամետ աշխատավայրի» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Կետ 33» հասարակական կազմակերպության կողմից՝ Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ։