Ընտանիքամետ գործատու Էսսե

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել է «Ընտանիքամետ գործատու» էսսեների և բլոգային նյութերի մրցույթ։ Մրցույթն իրականացվում է «Հանուն ընտանիքամետ աշխատավայրի» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Ստորև ներկայացնում ենք մրցույթի հայտը՝  առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․ Հեղինակի կողմից նշված փաստերի, իրադարձությունների իրավասիությունը կազմակերպության կողմից չի ստուգվում։

***

Ես ներկայացնում եմ «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը: Թիմին միացել եմ համեմատաբար վերջերս, սակայն միևնույն գործատուի հետ նախկինում էլի շատ տարիներ աշխատել ենք մեկ այլ թիմում: Կարծում եմ, որ մեր գործատուն ընտանիքամետ է հետևայալ պատճառաբանությամբ. Աշխատանքում դրական արդյունքներ ու որևէ առաջընթաց դժվար է ունենալ, եթե չլինի աշխատանք-կյանք հավասարակշռությունը: Եթե գործատուն պարբերաբար ներգրավվի աշխատակցին աշխատանքային գործընթացում՝ հարկադրելով նրան աշխատել լրացուցիչ ժամեր, չարաշահի նրա հանգստի իրավունքը հանգստյան օրերին և հնարավորություն չտա թիմակցին վերականգնվել ու իր կյանքը լցնել աշխատանքից բացի ուրիշ այլ գործունեությամբ՝ հոբբի, սպորտ, շփում մտերիմների հետ, պասիվ հանգիստ: Նման իրավիճակում աշխատակիցը հնարավորություն չի ունենա իրացնել իր անձնական ու ընտանեկան կյանքի իրավունքը, հանգստի իրավունքն ու մշակութային մի շարք իրավունքներ: Իմ գործատուն քաջ գիտակցում է աշխատանք-կյանք հավասարակշռության կարևորությունը ու խրախուսում է այն: Խրախուսում է, որ իր թիմակիցները ժամանակ տրամադրեն անձնական կյանքին ու մտերիմաների հետ շփումներին, առողջությանը ու հանգստին, սպորտին ու սիրած զբաղմունքին և առհասարակ բազմաբևեռ կյանք ունենալուն:

Մեր թիմում կան մարդիկ ովքեր համատեղում են ուսումն ու աշխատանքը: Եվ մեր գործատուն այս առումով ճկուն է ու ընձեռում է հնարավորություն աշխատել ճկուն ժամեր ու համատեղել աշխատանքը կրթության հետ: Նաև, եթե թիմակիցներից մեկը անձնական ու մասնագիտական զարգացման որևէ դասընթացի, ծրագրի է ուզում մասնակցել՝ մեր գործատուն կրկին անգամ բաց է և ողջունում է նման նախաձեռնությունները, թիմակիցների մասնագիտական զարգացումն ու կայացումը: Երբ աշխատանքը ավելին է, քան աշխատանքային պարտականությունների կատարման գործընթացը, երբ հնարավորություն է ընձեռնվում շարունակական կրթության ու զարգացման համար, դա, ինչ խոսք, նաև շատ մոտիվացնող է և դրդում է էլ ավելի լավ դրսևորվել աշխատանքի մեջ:

Իմ գործատուն, աշխատավայրում իր վարած քաղաքականությամբ, խրախուսում է ընտանիքի կազմումն ու երեխաներ ունենալը: Օրինակ, նախկինում երբ համագործակցել ենք իրար հետ մեկ այլ թիմում, մեր մի թիմակից աղջիկ ամուսնացավ ու ընտանիք կազմեց: Մեր թիմակիցը իր ցանկությամբ հեռացավ աշխատանքից, սակայն հետագայում, երբ երեխայի էր սպասում՝ կրկին ցանկություն հայտնեց վերադառնալ աշխատանքին: Մեր գործատուն բաց էր ու շատ ողջունում էր մեր թիմակցի կյանքի փոփոխված հանգամանքները, աշխատակցին տրվեց նման հնարավորություն և նա աշխատեց մինչև դեկրետ գնալը: Սա միայն մեկ օրինակ է, բայց մեր գործատուն առհասարակ միտված է երկարաժամկետ հարաբերությունների հաստատմանը իր աշխատակիցների հետ և բնականաբար գիտակցում է, որ այդ համատեղ ճանապարհին թիմակիցների կյանքի հանգամանքները կարող են և փոփոխվել, ուստի և նկատի է ունենում այդ հանգամանքները:

Նաև, մեր գործատուն քաջ գիտակցում է, որ յուրաքանչյուրիս ընտանիքում կամ անձնական կյանքում կարող են որոշակի չկանխատեսված հանգամանքներ առաջ գան: Եվ եթե թիմակիցներից որևէ մեկը՝ ընտանեկան հանգամանքներով պետք է բացակայի աշխատանքից կամ աշխատանքից շուտ հեռանա, մեր գործատուն արտոնում է դա և խրախուսում, որ մեր թիմակիցը արդյունավետորեն լուծի առաջ եկած խնդիրները կամ պատշաճ ժամանակ տրամադրի ընտանիքին, անձնական հարցին կամ առաջ եկած հանգամանքին:

Իմ գործատուի նման քաղաքականությունն ու վերաբերմունքը իր թիմին հնարավորություն է տալիս թիմակիցներին աշխատել առանց ավելորդ լարվածության ու սթրեսի՝ արդյունավետորեն կատարելով մեր առջև դրված նպատակները ու մաքսիմալ արդյունք ունենալ մասնագիտական գործունեության մեջ և կյանքում առհասարակ:

Հեղինակ՝ Մարիաննա Շիրոյան