ԻՄ ԸՆՏԱՆԻՔԱՄԵՏ ԱՇԽԱՏԱՎԱՅՐԸ
«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել է «Ընտանիքամետ գործատու» էսսեների և բլոգային նյութերի մրցույթ։ Մրցույթն իրականացվում է «Հանուն ընտանիքամետ աշխատավայրի» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ։
Ստորև ներկայացնում ենք մրցույթի հայտը՝ առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։
Նշում․ Հեղինակի կողմից նշված փաստերի, իրադարձությունների իրավասիությունը կազմակերպության կողմից չի ստուգվում։
***
Ես աշխատում եմ գյուղի դպրոցում` որպես էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետ և հիմա գտնվում եմ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։ Կփորձեմ ներկայացնել դպրոցը որպես ընտանիքամետ աշխատավայր՝ արձանագրելով ինչպես օրենքով ամրագրված հնարավորությունները, այնպես էլ գործնականում դրսևորվող աջակցությունը։
Օրենսդրական կարգավորումներն ու առկա հնարավորությունները
Լինելով պետական կառույց՝ դպրոցը չունի սեփական, հստակ մշակված ընտանիքամետ քաղաքականություն։ Ընտանիքամետ լինելու շրջանակը սահմանափակվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով։ Օրենքով նախատեսված այն հնարավորությունները, որոնք կարելի է համարել ընտանիքամետ, հետևյալն են.
- ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատանքի հնարավորություն,
- հղիության, ծննդաբերության և երեխայի խնամքի արձակուրդներ,
- կերակրող մայրերի համար նախատեսված ընդմիջումներ,
- հիվանդության, ընտանիքի հիվանդ անդամին խնամելու համար նախատեսված արձակուրդներ։
Սակայն, ընտանիքամետ աշխատանելաոճի սեփական մեխանիզմների բացակայությունը դեռ չի նշանակում, որ դպրոցը չի կարող դրսևորել ընտանիքամետ գործելաոճ։ Մեզ մոտ դա հաճախ արտահայտվում է մարդկային մոտեցմամբ, փոխարինումների ճկուն կազմակերպմամբ և այնպիսի լուծումներով, որոնք նվազեցնում են աշխատողի անհարմարությունները։
Այժմ ընտանիքամետ աշխատավայրի կարևոր առանձնահատկություններից մեկի՝ հեռավար աշխատանքի մասին
Եթե դպրոցի մնացյալ աշխատողների աշխատանքը կարելի էր հեռավար պատկերացնել(սա արդեն ամրագրվել է նաև Աշխատանքային օրենսգրքով՝ կողմերի համաձայնությամբ աշխատողը կարող է աշխատել հեռավար), ապա մինչև 2020 թ. Հայաստանի դպրոցներում հեռավար ուսուցում կազմակերպելու մասին գաղափար անգամ չկար։ Բայց սկսվեց COVID-ը, ու դպրոցները անցան ամբողջական հեռավար ուսուցման։ Դրանից հետո կարիք զգացվեց, ու ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվեց «Հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար(դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգը, որի 8.8-րդ կետով նախատեսվում է՝ ուսուցչի կողմից իր դպրոցի սովորողների համար հեռավար դասավանդում առավելագույնը 10 աշխատանքային օր, եթե ուսուցիչն ունի առկա կրթությունն անհնարին դարձնող բուժման կարիք՝ համապատասխան առողջության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի։
Իմ անձնական փորձառությունը
Նախ նշեմ, որ ես վաղուց արդեն աշխատանքի վերադարձած կլինեի, եթե գյուղում գործող միակ պետական մանկապարտեզում երեխաների ընդունելությունը չլիներ երեք տարեկանից։ Սա մի խնդիր է, որին բախվում են շատ մարզաբնակ աշխատող կանայք։
Մինչ դպրոցում աշխատանքս, ես աշխատում էի մանկապարտեզում որպես դաստիարակ՝ չնայած իմ բանասիրական կրթությանը, քանի որ համայնքում համապատասխան մասնագետ չկար։ Աշխատանքը կարծես ստացվում էր։ Ես սիրում էի երեխաներին, երեխաները սիրում էին ինձ։ Ես ազատորեն ստեղծագործում էի իմ աշխատանքում, միջոցառումներ, բաց պարապմունքներ էի կազմակերպում։ Ամեն ինչ լավ էր, մինչև իմ հղիության լուրը։ Մանկապարտեզում աշխատանքը ինձ համար դարձավ իրական փորձություն՝ տոնուս, շարունակական սուր վարակիչ հիվանդություններ՝ գրիպի տարբեր տեսակներ, կոնյուկտիվիտ։
Եկավ մի օր, որ հղիությունս հսկող բժիշկը ինձ վերջնագիր ներկայացրեց՝ կամ աշխատանք, կամ առողջ հղիություն։ Դա ինձ համար իսկապես ծանր էր և՛ ֆինանսապես, և՛ հոգեպես։ Ես չէի ուզում զրկվել աշխատանքից երեխայի խնամքի արձակուրդ գնալուց առաջ։ Դա նշանակում էր կորցնել աշխատավայր, մայրության նպաստ, մինչև երկու տարեկան երեխայի նպաստ, աշխատանքային փորձի տարիներ և անորոշ ապագա՝ արձակուրդը ավարտելու պարագայում։ Մանկապարտեզի տնօրենը արձակուրդ գնալու տարբերակը չէր դիտարկում. պարբերաբար դաստիարակ փոխելը, հասկանալի է, սթրեսային է երեխաների համար։
Այդ ընթացքում պարզեցի, որ գյուղի դպրոցում կա հաստիք, որի պահանջներին համապատասխանում եմ։ Դիմեցի՝ առանց մեծ ակնկալիքի, որովհետև Հայաստանում շատ հղիներ և նույնիսկ նոր ամուսնացած կանայք հանդիպում են թաքնված խտրականության․ շատ գործատուներ չեն ցանկանում ընդունել աշխատող, որը շուտով արձակուրդ է գնալու։
***
Երբ արձակուրդս ավարտվի ու վերադառնամ աշխատանքի, իմ աշխատանքի վերադառնալը համընկնելու է երեխայիս մանկապարտեզի ադապտացիային ու դպրոցում աշխատանքային ծանր շրջանին։ Բայց ճանաչելով իմ աշխատավայրը՝ գիտեմ, որ դպրոցը կաջակցի, եթե անհրաժեշտ լինի հեռավար աշխատանքի կամ ճկուն գրաֆիկի, որն ինձ ներքին հանգստություն է տալիս։
Վերջում ուզում եմ ասել, որ նույն դպրոցում աշխատում է նաև մայրս։ Նա իր հերթափոխի օրերին ամեն օր գնում է տուն՝ ծեր տատիս սնվել օգնելու նպատակով ու վերադառնում աշխատանքի։ Եթե նրան նման հնարավորություն չտրվեր, նա գուցե ստիպված լիներ հրաժարվել աշխատանքից… Ի՞նչ է դա, եթե ոչ ընտանիքամետ աշխատելաոճ։
Հեղինակ՝ Նարինե Գալոյան



