Posts

Մտածելակերպը աշխատում է կա´մ մեր օգտին, կա´մ մեր դեմ

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել է «Ընտանիքամետ գործատու» էսսեների և բլոգային նյութերի մրցույթ։ Մրցույթն իրականացվում է «Հանուն ընտանիքամետ աշխատավայրի» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Ստորև ներկայացնում ենք մրցույթի հայտը՝  առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․ Հեղինակի կողմից նշված փաստերի, իրադարձությունների իրավասիությունը կազմակերպության կողմից չի ստուգվում։

***

(էսսե)

Փոխելով մտածելակերպը` կփոխեք նաև արձագանքը։

Համոզմունքները ձևավորում են աշխարհի մասին պատկերացումները, ինչպե՞ս ենք շփվում գործընկերների հետ և ինչպես ենք ընդունում մարտահրավերները:
Մեզ ստիպել են տարանջատել աշխատանքն ու անձնական կյանքը:
Բայց մարդն այլ մոտեցում ունի։

Փոփոխված մոտեցում ընտանեկան արժեքների ինտեգրումն աշխատանքում

Ի՞նչ կլինի, եթե աշխատավայրում որդեգրենք նույն արժեքները, որով առաջնորդվում են առողջ ընտանիքներում`

  • վստահություն,
  • բաց հաղորդակցություն,
  • ճկունություն և աջակցություն։

Իսկ եթե այդ նույն սկզբունքները կիրառենք աշխատավայրո՞ւմ։

Հետազոտությունները փաստում են, որ դեռ մանկուց մեր մտածելակերպը ձևավորվում են գովասանքն ու պիտակները։
Նպատակը, սակայն, կատարելությունը չէ, այլ աճը։
Աճն սկսվում է այն պահից, երբ հասկանում ես՝ որտեղ ես գտնվում ու ուր ես ուզում հասնել։

Ընտանեկան մտածողություն ունեցող ընկերությունը՝

  • ստեղծում է մշակույթ, որտեղ մարդկանց գնահատում են և աջակցում, ոչ թե պարզապես ղեկավարում,
  • խթանում է բաց հաղորդակցությունը՝ նվազեցնելով կոնֆլիկտները,
  • արժևորում է բարեկեցությունը ավելի, քան արդյունավետությունը։

Ժամանակակից աշխատավայրը չի ստիպում ընտրել ընտանիքի և հաջողության միջև, այլ ինտեգրում է երկուսն էլ։
Ընտանեկան արժեքներ դավանող ընկերությունը ոչ թե կառավարում է աշխատակիցներին, այլ գնահատում է նրանց։
Արդյունքում` իրեն գնահատված զգացող մարդու աշխատանքային արդյունավետությունն աճում է, նվազում է սթրեսը, մարդը հակվում է համագործակցության։

«Երազանքների մտածելակերպի» ներդրումը աշխատավայրում

Սա միջավայր է, որ խթանում է լավատեսությունը, ստեղծագործականությունը և հաջողելու պատրաստակամությունը:
Այն թույլ է տալիս աշխատակիցներին զարգանալ, ոգեշնչվել և ներդաշնակություն գտնել անձնական և մասնագիտական նպատակների ծիրում։ Պատասխանատվությունը արդյունավետ կերպով բաշխելը ոչ թե վերահսկումն է, այլ առաջնահերթությունների սահմանումը, կայուն համակարգերի ներդրումը այդ գործում:

Կանանց մասին

Կանայք շատ ավելի հաճախ են միաժամանակ մի քանի դեր կատարում՝ մասնագետ, մայր, առաջնորդ, տնային տնտեսուհի, կին։

Նրանց աջակցելու և աշխատանքային միջավայրն ավելի ճկուն դարձնելու համար կարելի է․

  • սահմանել ճկուն աշխատանքային գրաֆիկ, որը կստեղծի հավասարակշռություն աշխատանքի և ընտանիքի միջև,
  • մշակել ընտանիքի շահերից բխող քաղաքականություն՝ բոլոր աշխատողների համար։
  • դիտարկել անձնական պարտականությունները որպես ուժ, ոչ թե որպես խոչընդոտ։

Հոգեբանական գործիքներ (CBT)

  • Վերափոխման մեթոդ. Դրական տեսանկյունից նայել իրավիճակին
  • Վարժություններ ինքնավստահության, ինքնագնահատականի բարձրացման և զգացմունքների կառավարման համար, օրինակ՝ «3 լավ բան, որ այսօր արել ես»։

Ընտանիքն աջակցում է քեզ, դու՝ ընտանիքին:
Պարզ բանաձև կիրառենք` միավորել, հաղորդակցվել, աջակցել

  • Միավորել այն արժեքները, որոնք խրախուսում են աշխատանք-անձնական կյանք հավասարակշռությանը։
  • Ազատ շփվել. երբ մարդիկ զգում են, որ իրենց լսում են, ավելի ստեղծագործ են դառնում։
  • Աջակցել թիմերին. Մարդիկ լքում են ոչ թե աշխատանքը, այլ թունավոր միջավայրը։ Երբ միջավայրն անվտանգ է, կա փոխվստահություն, աշխատակիցն իրեն լավագույնս է դրսևորում:

Ի՞նչ անել, երբ միջավայրը թունավոր է

Հստակ է մի բան. Մենք ունենք ընտրելու և մեր վերաբերմունքը փոխելու ուժ:
Եթե աշխատավայրն անտանելի շատ էներգիա է խլում, պետք է․

  • անձնական սահմաններ դնել
  • սթրեսը կառավարելու առողջ սովորույթներ ձևավորել,
  • փնտրել աճի հնարավորություններ՝ առանց անտեսելու ինքներս մեզ:

Օրվա մարտահրավերը

  • Եթե ղեկավար ես, հարցրու քեզ՝ աջակցո՞ղ միջավայր ես ստեղծում, թե՞ պարզապես կառավարում ես։
  • Եթե աշխատող ես, սկսիր նվազագույնից. սահմաններ դիր, խոսիր, պահանջիր` ըստ կարիքի։
  • Եթե ծնող ես, հիշի´ր՝ այն որակները, դրսևորում ես տանը՝ համբերատարություն, հարմարվողականություն, զիջելու պատրաստակամություն, վերլուծելու ունակություն, նույն այն հմտություններն են, որ քեզ լավ մասնագետ են դարձնում։

Երբ մեր ընտանիքի լավագույն արժեքները բերում ենք աշխատանքային միջավայր, մենք ոչ միայն ավելի լավ բիզնես ենք կառուցում, այլև ավելի լավ աշխարհ։

Այն, ինչ առավելագույնս արժևորում ենք տանը, մեր հաջողության հիմքն է նաև աշխատավայրում:

Հեղինակ՝ Հայկուհի Մազմանյան

Հոդվածը հրապարակվել է Armenian HR Association կայքում

Անվերնագիր

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել է «Ընտանիքամետ գործատու» էսսեների և բլոգային նյութերի մրցույթ։ Մրցույթն իրականացվում է «Հանուն ընտանիքամետ աշխատավայրի» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Ստորև ներկայացնում ենք մրցույթի հայտը՝  առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․ Հեղինակի կողմից նշված փաստերի, իրադարձությունների իրավասիությունը կազմակերպության կողմից չի ստուգվում։

***

(էսսե)

«Որոտանի հիմնական դպրոցում աշխատելը ինձ համար վաղուց արդեն պարզապես աշխատանք չէ․ դա համայնք ապրելու, միասին ուժեղանալու և միմյանց ընտանիք դառնալու մի ձև է։ Ես այստեղ աշխատում եմ ավելի քան տասը տարի, և այս
դպրոցը հենց այն վայրն է, որտեղ մարդուն նախ տեսնում են որպես մարդ, հետո՝ որպես աշխատող։ Եվ դա է, ըստ իմ համոզմունքի, ընտանիքամետ գործատուի ամենակարևոր հատկանիշը։

Ես երեք բալիկների մայր եմ։ Մայր լինելու ուրախությունն ու դժվարությունները միշտ ինձ հետ են, և դպրոցը դարձել է այն տեղը, որտեղ
այդ պատասխանատվությունը ոչ թե խանգարում է աշխատանքիս, այլ ընդունվում է, հասկացվում ու արժևորվում։ Երբ համայնքում ծանրաբեռնվածությունն աճում է, երբ ծնող-ուսուցիչ լինելը միահյուսվում է և պահանջները բազմապատկվում
են, ես գիտեմ, որ միայն չեմ։ Մեր տնօրենը, կոլեկտիվը, վարչական անձնակազմը միշտ մոտենում են մարդկային՝ առանց ճնշման, առանց վախի, առանց ավելորդ պահանջների։ Այդ վերաբերմունքը ոչ միայն կարգավորում է աշխատանքային օրը, այլ ուժ է տալիս շարունակելու նույնիսկ այն օրերին, երբ հոգնությունն ավելի ծանր է թվում։

Մեր դպրոցում կա փոխօգնության իրական մշակույթ։ Եթե երեխան հիվանդ է, եթեհամայնքում խնդիր է առաջանում, եթե ուսուցիչներից մեկը դժվարության մեջ է, մենք բոլորս անմիջապես զգում ենք դրա շուրջ ստեղծված մեղմ, աջակցող մոտեցումը։ Գրաֆիկը հաճախ ճկվում է, պարտականությունները կազմակերպվում են այնպես, որ մարդը չզգա իրեն մեղավոր կամ ճնշված։ Սա այն բանն է, որ ոչ
մի հրահանգով չի ստեղծվում․ սա կոլեկտիվի մշակույթն է, որը ձևավորվել է խնամքով, վստահությամբ և իրար հանդեպ հարգանքով։

Որպես փոքր համայնքի ուսուցիչ՝ ես հաճախ եմ զգում, թե որքան մեծ պատասխանատվություն ունեմ ոչ միայն դասարանների, այլև ամբողջ գյուղի հանդեպ։ Եվ հենց այդ ծանրաբեռնվածության պահին է, որ հատկապես կարևոր է լինել մի աշխատավայրում, որտեղ գնահատում են ոչ թե միայն աշխատանքը, այլև մարդու ամբողջ կյանքը՝ իր երեխաներով, ընտանիքով, հոգսերով և երազանքներով։ Որտեղ ոչ ոք քեզ չի պահանջում լինել «կատարյալ», այլ պարզապես աջակցում է, որ շարունակես լինել լավագույնն այն պայմաններում,որոնք ունես։

Որոտանի դպրոցը իմ համար ընտանիք է հենց այդ պատճառով։ Այստեղ ես աշխատում եմ վստահությամբ, որ ինձ կհասկանան, կաջակցեն, կընդունեն։ Եվ ես համոզված եմ՝ ընտանիքամետ գործատուն այն է, որը թույլ է տալիս աշխատողին զգալ, որ ինքը միայնակ չէ։ Մեր դպրոցը դա անում է ամեն օր, ամեն իրավիճակում, ամեն պահի՝ առանց բարձրաձայնելու, բայց անընդհատ ներկայությամբ։
Այս է պատճառը, որ այս դպրոցը, իմ դպրոցը, ես ներկայացնում եմ որպես ընտանիքամետ գործատու։»

Հեղինակ՝ Շուշան Խաչատրյան

Ընտանիքամետ գործատուն իմ ղեկավարն է

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել է «Ընտանիքամետ գործատու» էսսեների և բլոգային նյութերի մրցույթ։ Մրցույթն իրականացվում է «Հանուն ընտանիքամետ աշխատավայրի» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Ստորև ներկայացնում ենք մրցույթի հայտը՝  առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․ Հեղինակի կողմից նշված փաստերի, իրադարձությունների իրավասիությունը կազմակերպության կողմից չի ստուգվում։

***

Կարիերան և ընտանիքը համատեղող կնոջ համար ամենամեծ արժեքներից մեկը ընտանիքամետ գործատու ունենալն է։ Հայկական իրականությունում դա, ցավոք, հաճախ հանդիպող երեւույթ չէ։ Տարածված կարծրատիպ կա՝ ամուսնացած, «երեխայատեր» աշխատակիցը կարող է անընդհատ բացակայել, չէ՞ որ երեխաների հետ կապված հոգսեր կան, որոնք պետք է հոգա
հենց մայրը, իսկ դրանից կտուժի աշխատանքը։ Բայց հաճախ ամենաարդյունավետ աշխատակիցները հենց մայրիկներն են՝ ավելի
կազմակերպված, հասուն և շնորհակալ իրենց հնարավորությունների համար։ Աշխատող մայրերը շատ հաճախ մեղքի ներքին զգացողություն ունեն՝ «քիչ ժամանակ հատկացրի երեխայիս, մյուս երեխաները շուտ են գնում տուն, իմը միշտ մնում է մանկապարտեզում մինչև 17․30, հանդեսից հետո տուն չեմ կարողանում տանել, միջոցառումներին, ժողովներին ուշանում եմ․․․»։
Եվ հենց այստեղ է կարևորվում գործատուի վերաբերմունքը՝ այն կարող է թեթևացնել քո մտահոգությունները, թե ավելացնել լարվածությունը։
Իմ հիշողության մեջ կան երկու դրվագներ, որոնք ընտանիքամետ և չընտանիքամետ վերաբերմունքի իսկական ապացույց են։
Տարիներ առաջ, երբ երեխաս վիրահատվում էր, գտնվելով արձակուրդում՝ ստացա հեռախոսազանգ, որտեղ ինձ տեղեկացրին, որ «քանի որ վիրահատարանում գտնվող երեխայիս ոչնչով օգնել չեմ կարող, կարող եմ աշխատել, օգնել գործին»։ Գուցե պրակտիկորեն դա ճշմարիտ էր, բայց մարդկային տեսանկյունից՝ ցավոտ։ Այդ գործատուն հաճախ էր ակնարկում՝ «երեխաներդ շատ են հիվանդանում, հա՞», կարծես դա աշխատակցի մեղքն էր․․․և այսպես շարունակ։
Իսկ իմ ներկայիս աշխատանքում ամեն ինչ այլ է։ Աշխատանքի առաջին իսկ ամսում կրկին երեխայի վիրահատություն ունեցանք։ Ամաչելով խնդրեցի բացակայել, ստացա ոչ թե զարմանք, զայրույթ, այլ հոգատար զանգեր՝ հետաքրքրվելու երեխայի առողջությամբ, իսկ հետո «կշտամբանք»՝ «գուցե դեռ մի քանի օր մնայիր տանը, ինչի՞ ես շտապել աշխատանքի»։

Մեկ ուրիշ դրվագ՝ երեխան հիվանդանում է, տեղեկացնում եմ ղեկավարին, իսկ պատասխանն անփոփոխ է՝ «իհարկե, մնա երեխայիդ կողքին։ Ջերմությունը ինչքա՞ն է, պետք է բժշկի հետ կապե՞մ, օգնե՞մ»։ Այսպես անցնում է մեր աշխատանքային առօրյան՝ ծնողի հիվանդություն, ծնողական ժողով, հանդես, տարեդարձ։ Ոչ մի բացակայություն երբևէ չի վերածվում «մեծ պատմության»։ Իհարկե, ընտանիքամետ գործատուն միայն «day off» նվիրելով չի բնորոշվում։ Դա վերաբերմունք է, լռելայն մշակույթ, միջավայր, որտեղ աշխատողը վստահ է, որ իր առաջնային արժեքները տեսադաշտից դուրս չեն մնում, որտեղ մարդը չի վճարում աշխատանքի գնով ընտանիքի համար, այլ աշխատանքն է հարմարեցվում մարդու կյանքին։
Գործատուն կարող է հունիսի 1-ին տասնյակ նվերներ ուղարկել, բայց եթե ամեն անգամ ծնողի կամ երեխայի հետ կապված հարցը խնդրելիս աշխատակիցը վախենում է կամ սթրես է ապրում, այդ նվերների արժեքը զրոյանում է։ Ի վերջո, մայրը երբեք չի ընտրի աշխատանքը երեխայի փոխարեն։ Բայց ամեն աշխատող՝ անկախ նրանից՝ կին է, տղամարդ, ծնող, թե դեռ ոչ, արժանի է աշխատանքի, որտեղ այդ
ընտրությունը իրեն չի պարտադրվում, որտեղ մարդկայնությունը աշխատանքային պարտականություններից չի զատվում։
Ընտանիքամետ լինելը մշակույթ է։ Այն ձևավորվում է ղեկավարի վերաբերմունքով՝ լայն սրտով, վստահություն ներշնչող միջավայրով, առանց աշխատակցի մեջ մեղքի զգացում արթնացնելու։ Եվ դա փոխում է ոչ միայն աշխատողի աշխատանքը, այլ նրա ողջ հոգեբանական վիճակը՝ ստեղծելով անվտանգ, հոգատար, մարդկային հարաբերությունների վրա հիմնված միջավայր։ Ընտանիքամետ վերաբերմունքը ոչ միայն հեշտացնում է աշխատանքը, այլ նաև ձևավորում է վստահելի, առողջ և հարգանքով լեցուն միջավայր։ Երբ աշխատողն իրեն գնահատված ու
հասկացված է զգում, նա դառնում է ավելի մոտիվացված, ավելի նվիրված և պատրաստ է առավելագույնն անել աշխատանքում։ Ընտանիքամետ գործատուն ոչ միայն աշխատանքում թևեր է տալիս, այլև ընտանիքում նպաստում ներդաշնակության։

Սիրելի կանայք, սիրելի մայրեր, մենք բոլորս իսկապես արժանի ենք ունենալու գործատու, որը տեսնում է ոչ միայն մեր մասնագիտական կարողությունները, այլև մեր մարդկային ու ծնողական կարիքները, չէ՞ որ աշխատանքի նկատմամբ հոգատարությունը, պատասխանատու
և նվիրված վերաբերմունքը սկսվում է ընտանիքից։Ես իսկապես հպարտանում եմ և շնորհակալ եմ, որ ունեմ սուպեր ընտանիքամետ
գործատու, ավելին՝ հաճախ ինքս ինձ նախանձում եմ հենց դրա համար և համարում, որ սա լավագույն փոխհատուցումն է իմ կյանքում հանդիպած բոլոր չընտանիքամետ գործատուների։
Հ․Գ․ Թերևս պատահական չէ, որ իմ ընտանիքամետ գործատուն աշխարհի ամենահումանիտար մասնագիտությունն ունի՝ բժիշկ է նաև էությամբ և ապրելակերպով։

Հեղինակ՝ Ինգա Մարտինյան

Ընտանիքամետ գործատու

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել է «Ընտանիքամետ գործատու» էսսեների և բլոգային նյութերի մրցույթ։ Մրցույթն իրականացվում է «Հանուն ընտանիքամետ աշխատավայրի» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Ստորև ներկայացնում ենք մրցույթի հայտը՝  առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․ Հեղինակի կողմից նշված փաստերի, իրադարձությունների իրավասիությունը կազմակերպության կողմից չի ստուգվում։

***

(էսսե)

Ես ներկայացնում եմ «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը: Թիմին միացել եմ համեմատաբար վերջերս, սակայն միևնույն գործատուի հետ նախկինում էլի շատ տարիներ աշխատել ենք մեկ այլ թիմում: Կարծում եմ, որ մեր գործատուն ընտանիքամետ է հետևայալ պատճառաբանությամբ. Աշխատանքում դրական արդյունքներ ու որևէ առաջընթաց դժվար է ունենալ, եթե չլինի աշխատանք-կյանք հավասարակշռությունը: Եթե գործատուն պարբերաբար ներգրավվի աշխատակցին աշխատանքային գործընթացում՝ հարկադրելով նրան աշխատել լրացուցիչ ժամեր, չարաշահի նրա հանգստի իրավունքը հանգստյան օրերին և հնարավորություն չտա թիմակցին վերականգնվել ու իր կյանքը լցնել աշխատանքից բացի ուրիշ այլ գործունեությամբ՝ հոբբի, սպորտ, շփում մտերիմների հետ, պասիվ հանգիստ: Նման իրավիճակում աշխատակիցը հնարավորություն չի ունենա իրացնել իր անձնական ու ընտանեկան կյանքի իրավունքը, հանգստի իրավունքն ու մշակութային մի շարք իրավունքներ: Իմ գործատուն քաջ գիտակցում է աշխատանք-կյանք հավասարակշռության կարևորությունը ու խրախուսում է այն: Խրախուսում է, որ իր թիմակիցները ժամանակ տրամադրեն անձնական կյանքին ու մտերիմաների հետ շփումներին, առողջությանը ու հանգստին, սպորտին ու սիրած զբաղմունքին և առհասարակ բազմաբևեռ կյանք ունենալուն:

Մեր թիմում կան մարդիկ ովքեր համատեղում են ուսումն ու աշխատանքը: Եվ մեր գործատուն այս առումով ճկուն է ու ընձեռում է հնարավորություն աշխատել ճկուն ժամեր ու համատեղել աշխատանքը կրթության հետ: Նաև, եթե թիմակիցներից մեկը անձնական ու մասնագիտական զարգացման որևէ դասընթացի, ծրագրի է ուզում մասնակցել՝ մեր գործատուն կրկին անգամ բաց է և ողջունում է նման նախաձեռնությունները, թիմակիցների մասնագիտական զարգացումն ու կայացումը: Երբ աշխատանքը ավելին է, քան աշխատանքային պարտականությունների կատարման գործընթացը, երբ հնարավորություն է ընձեռնվում շարունակական կրթության ու զարգացման համար, դա, ինչ խոսք, նաև շատ մոտիվացնող է և դրդում է էլ ավելի լավ դրսևորվել աշխատանքի մեջ:

Իմ գործատուն, աշխատավայրում իր վարած քաղաքականությամբ, խրախուսում է ընտանիքի կազմումն ու երեխաներ ունենալը: Օրինակ, նախկինում երբ համագործակցել ենք իրար հետ մեկ այլ թիմում, մեր մի թիմակից աղջիկ ամուսնացավ ու ընտանիք կազմեց: Մեր թիմակիցը իր ցանկությամբ հեռացավ աշխատանքից, սակայն հետագայում, երբ երեխայի էր սպասում՝ կրկին ցանկություն հայտնեց վերադառնալ աշխատանքին: Մեր գործատուն բաց էր ու շատ ողջունում էր մեր թիմակցի կյանքի փոփոխված հանգամանքները, աշխատակցին տրվեց նման հնարավորություն և նա աշխատեց մինչև դեկրետ գնալը: Սա միայն մեկ օրինակ է, բայց մեր գործատուն առհասարակ միտված է երկարաժամկետ հարաբերությունների հաստատմանը իր աշխատակիցների հետ և բնականաբար գիտակցում է, որ այդ համատեղ ճանապարհին թիմակիցների կյանքի հանգամանքները կարող են և փոփոխվել, ուստի և նկատի է ունենում այդ հանգամանքները:

Նաև, մեր գործատուն քաջ գիտակցում է, որ յուրաքանչյուրիս ընտանիքում կամ անձնական կյանքում կարող են որոշակի չկանխատեսված հանգամանքներ առաջ գան: Եվ եթե թիմակիցներից որևէ մեկը՝ ընտանեկան հանգամանքներով պետք է բացակայի աշխատանքից կամ աշխատանքից շուտ հեռանա, մեր գործատուն արտոնում է դա և խրախուսում, որ մեր թիմակիցը արդյունավետորեն լուծի առաջ եկած խնդիրները կամ պատշաճ ժամանակ տրամադրի ընտանիքին, անձնական հարցին կամ առաջ եկած հանգամանքին:

Իմ գործատուի նման քաղաքականությունն ու վերաբերմունքը իր թիմին հնարավորություն է տալիս թիմակիցներին աշխատել առանց ավելորդ լարվածության ու սթրեսի՝ արդյունավետորեն կատարելով մեր առջև դրված նպատակները ու մաքսիմալ արդյունք ունենալ մասնագիտական գործունեության մեջ և կյանքում առհասարակ:

Հեղինակ՝ Մարիաննա Շիրոյան

Ընտանիքամետ գործատու

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել է «Ընտանիքամետ գործատու» էսսեների և բլոգային նյութերի մրցույթ։ Մրցույթն իրականացվում է «Հանուն ընտանիքամետ աշխատավայրի» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Ստորև ներկայացնում ենք մրցույթի հայտը՝  առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․ Հեղինակի կողմից նշված փաստերի, իրադարձությունների իրավասիությունը կազմակերպության կողմից չի ստուգվում։

***

Ես աշխատում եմ ընտանիքամետ աշխատավայրում՝ ընտանիքամետ գործատուի հետ։ Այո՛, հետ և ոչ թե մոտ։ Եկեք՝ պատմեմ։ Թվում է՝ բախտավոր և աշխատանք բառերն այնքան էլ համադրելի և համատեղելի չեն։ Աշխատանքի մասին խոսելիս առավել հաճախ խոսում ենք ջանքի, ձգտման, նպատակների, ժամկետների մասին, բայց ոչ բախտի։ Այսուամենայնիվ, հենց այդ բառն է մտքիս գալիս, երբ մտածում եմ իմ աշխատանքի մասին։ Ես բախտավոր եմ, որովհետև իմ աշխատավայրում տեսնում են մարդկանց, ոչ թե պաշտոններ, լսում են պատմությունները գրաֆիկներից ու վերջնաժամկետներից դուրս և գնահատում են աշխատակցին՝ անկախ կատարողականի ցուցանիշներից։ Ընտանիքամետ լինելը միայն ներքին ընթացակարգերի կամ քաղաքականությունների հարց չէ․ դա վերաբերմունք է, համոզմունք, որ աշխատանքը պետք է համընթաց լինի կյանքին, ոչ թե փոխարինի այն։ Ընտանիքամետ ղեկավարը ոչ թե հանդուրժում է քո անձնական կարիքները, այլև իրական հարգանքով է վերաբերվում դրանց։ Այսպիսի աշխատավայրում ճկունությունը բացառություն չէ, այլ վստահության նշան։ Երբ կարող ես անկեղծ ասել, որ երեխան հիվանդ է կամ պարզապես պետք է մի օր հանգստանաս, և քեզ նայում են ոչ թե կասկածանքով, այլ ըմբռնումով։ Այդպիսի միջավայրում սկսում ես նկատել, որ մարդիկ չեն աշխատում ավելի քիչ կամ պակաս նվիրումով, երբ նրանց ազատություն են տալիս․ նրանք աշխատում են ավելի լավ, ավելի մեծ ձգտմամբ։

Ընտանիքամետ աշխատանքային մշակույթն ստեղծում է աշխատանքային միջավայր, որտեղ համբերատարությունն ու էմպատիան «փափուկ հմտություն» չեն, այլ ամուր հիմք, աշխատելաոճ և գաղափարախոսություն։ Գործատուի՝ աջակցող ու մարդասիրական մոտեցումը պրոֆեսիոնալիզմի այլ մակարդակ է։ Երբ աշխատակիցն իրեն ապահով և գնահատված է զգում, ստեղծագործականությունը ծաղկում է, երբ վստահությունը փոխարինում է վախին, արդյունավետությունն կրկնապատկվում է, երբ հավասարակշռությունը երկուստեք հարգվում է, մարդիկ աճում են և մոտիվացվում։ Այսպիսի միջավայրում չեն հաշվում քո աշխատած ամեն րոպեն, այլ քեզ հետ կիսում են աշխատանքային ժամը՝ ստեղծելու նոր բարիք։ Այսպիսի միջավայրի շնորհիվ աշխատկիցն առավել քան կարգապահ է, հետևողական և արդունավետ։

Ես իսկապես բախտավոր եմ այս հարցում և մասնիկն եմ մի թիմի, որն աշխատում է վերոգրյալ մոտեցմամբ։ Իմ աշխատանքը զոհաբերություններ չի պահանջում, այլ ակնկալում է, որ ես կապրեմ լիարժեք՝ միաժամանակ իմ նպաստն ունենալով կարևորագույն հարցերում։ Ես կարողանում եմ լինել մասնագետ՝ չդադարելով լինել ծնող, ընկեր, պարզապես մարդ, որը բացի աշխատանքից ունի այլ կյանք, որը լիարժեք է նաև աշխատանքով։ Այո՛, ես իսկապես հաջողակ եմ, որ աշխատում եմ ընտանիքամետ գործատուի մոտ։ Իմ աշխատավայրում մարդկայնությունը կարգախոս չէ, այլ ամենօրյա գործելակերպ, բարյացակամությունը թուլություն չէ, այլ ուժ, որտեղ ինձ ամեն օրը հիշեցնում են, որ հարգանքը, կարեկցանքը, էմպատիան և հավասարակշռությունը շքեղություն չեն, այլ կենսական անհրաժեշտություն։ Հպարտ եմ՝ լինելու այս թիմի լիարժեք անդամը։

Հեղինակ՝ Արփինե Գրիգորյան

 

Իմ ընտանիքամետ աշխատավայրը

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել է «Ընտանիքամետ գործատու» էսսեների և բլոգային նյութերի մրցույթ։ Մրցույթն իրականացվում է «Հանուն ընտանիքամետ աշխատավայրի» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Ստորև ներկայացնում ենք մրցույթի հայտը՝  առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․ Հեղինակի կողմից նշված փաստերի, իրադարձությունների իրավասիությունը կազմակերպության կողմից չի ստուգվում։

***

Ես աշխատում եմ գյուղի դպրոցում` որպես էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետ և հիմա գտնվում եմ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։ Կփորձեմ ներկայացնել դպրոցը որպես ընտանիքամետ աշխատավայր՝ արձանագրելով ինչպես օրենքով ամրագրված հնարավորությունները, այնպես էլ գործնականում դրսևորվող աջակցությունը։

Օրենսդրական կարգավորումներն ու առկա հնարավորությունները

Լինելով պետական կառույց՝ դպրոցը չունի սեփական, հստակ մշակված ընտանիքամետ քաղաքականություն։ Ընտանիքամետ լինելու շրջանակը սահմանափակվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով։ Օրենքով նախատեսված այն հնարավորությունները, որոնք կարելի է համարել ընտանիքամետ, հետևյալն են.

  • ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատանքի հնարավորություն,
  • հղիության, ծննդաբերության և երեխայի խնամքի արձակուրդներ,
  • կերակրող մայրերի համար նախատեսված ընդմիջումներ,
  • հիվանդության, ընտանիքի հիվանդ անդամին խնամելու համար նախատեսված արձակուրդներ։

Սակայն, ընտանիքամետ աշխատանելաոճի սեփական մեխանիզմների բացակայությունը դեռ չի նշանակում, որ դպրոցը չի կարող դրսևորել ընտանիքամետ գործելաոճ։ Մեզ մոտ դա հաճախ արտահայտվում է մարդկային մոտեցմամբ, փոխարինումների ճկուն կազմակերպմամբ և այնպիսի լուծումներով, որոնք նվազեցնում են աշխատողի անհարմարությունները։

Այժմ ընտանիքամետ աշխատավայրի կարևոր առանձնահատկություններից մեկի՝ հեռավար աշխատանքի մասին

Եթե դպրոցի մնացյալ աշխատողների աշխատանքը կարելի էր հեռավար պատկերացնել(սա արդեն ամրագրվել է նաև Աշխատանքային օրենսգրքով՝ կողմերի համաձայնությամբ աշխատողը կարող է աշխատել հեռավար), ապա մինչև 2020 թ. Հայաստանի դպրոցներում հեռավար ուսուցում կազմակերպելու մասին գաղափար անգամ չկար։ Բայց սկսվեց COVID-ը, ու դպրոցները անցան ամբողջական հեռավար ուսուցման։ Դրանից հետո կարիք զգացվեց, ու ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվեց «Հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար(դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգը, որի 8.8-րդ կետով նախատեսվում է՝ ուսուցչի կողմից իր դպրոցի սովորողների համար հեռավար դասավանդում առավելագույնը 10 աշխատանքային օր, եթե ուսուցիչն ունի առկա կրթությունն անհնարին դարձնող բուժման կարիք՝ համապատասխան առողջության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի։

Իմ անձնական փորձառությունը

Նախ նշեմ, որ ես վաղուց արդեն աշխատանքի վերադարձած կլինեի, եթե գյուղում գործող միակ պետական մանկապարտեզում երեխաների ընդունելությունը չլիներ երեք տարեկանից։ Սա մի խնդիր է, որին բախվում են շատ մարզաբնակ աշխատող կանայք։

Մինչ դպրոցում աշխատանքս, ես աշխատում էի մանկապարտեզում որպես դաստիարակ՝ չնայած իմ բանասիրական կրթությանը, քանի որ համայնքում համապատասխան մասնագետ չկար։ Աշխատանքը կարծես ստացվում էր։ Ես սիրում էի երեխաներին, երեխաները սիրում էին ինձ։ Ես ազատորեն ստեղծագործում էի իմ աշխատանքում, միջոցառումներ, բաց պարապմունքներ էի կազմակերպում։ Ամեն ինչ լավ էր, մինչև իմ հղիության լուրը։ Մանկապարտեզում աշխատանքը ինձ համար դարձավ իրական փորձություն՝ տոնուս, շարունակական սուր վարակիչ հիվանդություններ՝ գրիպի տարբեր տեսակներ, կոնյուկտիվիտ։

Եկավ մի օր, որ հղիությունս հսկող բժիշկը ինձ վերջնագիր ներկայացրեց՝ կամ աշխատանք, կամ առողջ հղիություն։ Դա ինձ համար իսկապես ծանր էր և՛ ֆինանսապես, և՛ հոգեպես։ Ես չէի ուզում զրկվել աշխատանքից երեխայի խնամքի արձակուրդ գնալուց առաջ։ Դա նշանակում էր կորցնել աշխատավայր, մայրության նպաստ, մինչև երկու տարեկան երեխայի նպաստ, աշխատանքային փորձի տարիներ և անորոշ ապագա՝ արձակուրդը ավարտելու պարագայում։ Մանկապարտեզի տնօրենը արձակուրդ գնալու տարբերակը չէր դիտարկում. պարբերաբար դաստիարակ փոխելը, հասկանալի է, սթրեսային է երեխաների համար։

Այդ ընթացքում պարզեցի, որ գյուղի դպրոցում կա հաստիք, որի պահանջներին համապատասխանում եմ։ Դիմեցի՝ առանց մեծ ակնկալիքի, որովհետև Հայաստանում շատ հղիներ և նույնիսկ նոր ամուսնացած կանայք հանդիպում են թաքնված խտրականության․ շատ գործատուներ չեն ցանկանում ընդունել աշխատող, որը շուտով արձակուրդ է գնալու։

***

Երբ արձակուրդս ավարտվի ու վերադառնամ աշխատանքի, իմ աշխատանքի վերադառնալը համընկնելու է երեխայիս մանկապարտեզի ադապտացիային ու դպրոցում աշխատանքային ծանր շրջանին։ Բայց ճանաչելով իմ աշխատավայրը՝ գիտեմ, որ դպրոցը կաջակցի, եթե անհրաժեշտ լինի հեռավար աշխատանքի կամ ճկուն գրաֆիկի, որն ինձ ներքին հանգստություն է տալիս։

Վերջում ուզում եմ ասել, որ նույն դպրոցում աշխատում է նաև մայրս։ Նա իր հերթափոխի օրերին ամեն օր գնում է տուն՝ ծեր տատիս սնվել օգնելու նպատակով ու վերադառնում աշխատանքի։ Եթե նրան նման հնարավորություն չտրվեր, նա գուցե ստիպված լիներ հրաժարվել աշխատանքից… Ի՞նչ է դա, եթե ոչ ընտանիքամետ աշխատելաոճ։

Հեղինակ՝ Նարինե Գալոյան

 

 

Անվերնագիր

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել է «Ընտանիքամետ գործատու» էսսեների և բլոգային նյութերի մրցույթ։ Մրցույթն իրականացվում է «Հանուն ընտանիքամետ աշխատավայրի» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Ստորև ներկայացնում ենք մրցույթի հայտը՝  առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․ Հեղինակի կողմից նշված փաստերի, իրադարձությունների իրավասիությունը կազմակերպության կողմից չի ստուգվում։

***

(բլոգային նյութ)

https://www.instagram.com/reel/DQMWQt1CCeR/?igsh=ajdrcjgyeTA5YnBs

Հեղինակ՝  Գրիգոր Հարությունյան

Համագործակցության հուշագիր «Սոցիալական արդարություն» կազմակերպության հետ

Հոկտեմբերի 21-ին  «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Հովակիմյանը  7 «Կետ 33»  հասարակական կազմակերպության նախագահ Աստղիկ Կարապետյանը կնքեցին համագործակցության պայմանագիր։

Պայմանագրով կողմերն ընդգծել են ընտանիքամետ միջավայրի ընդլայնման անհրաժշետությունը աշխատավայրերում, այդ թվում՝ պետական և ոչ պետական հաստատություններում, հատկապես շուրջօրյա ծառայություն պահանջող հաստատություններում, բժշկական հիմնարկներում, ժամանցային և այլ վայրերում կարևորությունը։ 

Համագործակցության հիմնական ուղղություններն են լինելու ընտանիքամետ միջավայր ունենալուն ուղղված իրազեկումները, ջատագովությունը, ինչպեսև ընտանիքամետ աշխատավայր դառնալու կամ ընտանիքամետ քաղաքականություններ, մոտեցումներ ներդնելու ուղղությամբ աջակցություն ստանալու հնարավորությունների ընդլայնումը՝ խորհրդատվությունների և այլ գործիքակազմերի տրամադրման միջոցով:

Համաձայնագրի ստորագրումից հետո կողմերը քննարկեցին առաջիկա համատեղ գործողությունները, որոնց վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կլինեն։

«Ընտանիքամետ գործատու» տարբերանշան ստանալու հայտերի գնահատման չափանիշներ

Գործատուների կողմից «Ընտանիքամետ գործատու» տարբերանշան ստանալու համար լրացված հարցաշարը կգնահատվի հետևյալ սկզբունքներով․ 

Հայտը գնահատվում է 100 միավորանոց համակարգով, որտեղ․

 – 80-100-ը նշանակում է, որ կազմակերպությունն ունի հաջողված ընտանիքամետ պրակտիկա և համակարգային մոտեցում։ Նրան շնորհվում է «Ընտանիքամետ գործատու» տարբերանշան և վկայական մեկ տարով։

  – 55-79-ը նշանակում է, որ կազմակերպությունն ունի հաջողված ընտանիքամետ պրակտիկա, սակայն ոչ համակարգային մոտեցում։  Նրան շնորհվում է «Ընտանիքամետ գործատու» վկայական։ 

  – 40-54-ը նշանակում է, որ կազմակերպությունն ունի որոշակի ընտանիքամետ մոտեցումներ, սակայն չի տրամադրվում «Ընտանիքամետ գործատու» տարբերանշան կամ վկայական։

  – 0-39-ը նշանակում է, որ կազմակերպությունն ընտանիքամետ չէ։

Յուրաքանչյուր հարցի պատասխանի համար տրվում են միավորներ 0-ից մինչև առավելագույնը 3՝ կախված պատասխանից: Դրական պատասխանները («այո» և բացատրական տարբերակները) բարձրացնում են միավորները: 

Յուրաքանչյուր հարցի պատասխանը գնահատվելու է այսպես՝

  • Կազմակերպության տվյալներ․ 1-5 հարցերը չեն գնահատվում, բայց կարևոր են համատեքստի համար, օրինակ, փոքր և մեծ կազմակերպությունների ռեսուրսների և կիրառած պրակտիկաների համադրության դեպքում։  

Ընդհանուր տվյալներ – 15

  • Հարց 6. «Արդյո՞ք կազմակերպությունն ունի ընտանիքամետ պրակտիկա կամ ընդունած քաղաքականություն». (առավելագույնը՝ 5 միավոր)

Այս հարցի պատասխանը հիմնական վերլուծության մուտքն է։ «Այո» պատասխանի դեպքում հայտը ստանում է 5 միավոր, «Ոչ» պատասխանի դեպքում՝ 0:  

  • Հարց 7․ «Կազմակերպության ընտանիքամետ պրակտիկաները կամ քաղաքականությունը/ները արդյո՞ք ներառում են հետևյալ առաջնահերթությունները (նշել ընդունելի բոլոր պատասխանները)»(առավելագույնը՝ 10.5 միավոր)

Յուրաքանչյուր ընտրված տարբերակի դեպքում տրվում է 1.5  միավոր (առավելագույն 9, եթե բոլորը ընտրված են): «Ոչ մեկը» պատասխանի դեպքում՝ 0, իսկ  «Այլ» պատասխանի դեպքում՝ 1.5 միավոր, եթե այն բովանդակությանը վերաբերելի է։ 

  • Հարց 8․ «Արդյո՞ք կազմակերպության ղեկավարները գործնականում նպաստում են ընտանիքամետ պրակտիկային». (առավելագույնը՝ 4.5 միավոր)

«Այո» պատասխանը ստանում է 4.5 միավոր, «Չգիտեմ»/«Ոչ» -ը՝ 0:

Ճկուն աշխատանքային պայմաններ – 20 միավոր

  • Հարց 9․ «Կազմակերպությունն ունի՞ ճկուն աշխատանքային պայմանների պրակտիկա և/կամ քաղաքականություն (ընթացակարգ, կանոնակարգ)»(առավելագույնը՝ 5 միավոր)

«Այո» պատասխանը ստանում է 5 միավոր, «Ոչ» -ը՝ 0:

  • Հարց 10. «Ի՞նչ է ներառում ճկուն աշխատանքային պայմանների պրակտիկան և/կամ քաղաքականությունը (ընթացակարգը, կանոնակարգը) (նշել ընդունելի բոլոր պատասխանները)». (առավելագույնը՝ 10 միավոր)

Յուրաքանչյուր ընտրված տարբերակ ստանում է 2.5 միավոր (առավելագույն 7.5, եթե բոլորը): «Ոչ մեկը»՝ 0, «Այլ» պատասխանի դեպքում՝ 2.5, եթե վերաբերելի պատասխան է ներկայացված։

  • Հարց 11․ «Արդյո՞ք ճկուն աշխատանքային պայմանները հասանելի են բոլոր մակարդակներում աշխատողներին, եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս». (առավելագույնը՝ 5 միավոր)

«Այո» պատասխանը ստանում է 5 միավոր, «Չգիտեմ»/«Ոչ» -ը՝ 0:

Արձակուրդներ և ազատ օրեր – 20 միավոր

  • Հարց 12. «Կազմակերպությունն ունի՞ ծնողական և կամ այլ տիպի արձակուրդ տրամադրելու պրակտիկա կամ քաղաքականություն, որն առաջարկում է օրենսդրությամբ սահմանվածից ավելին». (առավելագույնը՝ 5 միավոր)

«Այո» պատասխանը ստանում է 5 միավոր, «Ոչ» -ը՝ 0:

  • Հարց 13. «Ի՞նչ է ներառում արձակուրդի այդ պրակտիկան և/կամ քաղաքականությունը)». (առավելագույնը՝ 15 միավոր)

 Յուրաքանչյուր ընտրված տարբերակ 3 (առավելագույն 12, եթե բոլորը): «Ոչ մեկը»՝ 0, «Այլ» պատասխանի դեպքում՝ 3, եթե վերաբերելի պատասխան է ներկայացված։

Աջակցություն խնամքի հարցերում – 20 միավոր

  •  Հարց 14. «Կազմակերպությունն ունի՞ խնամքի հարցերում աջակցության պրակտիկա կամ քաղաքականություն». (առավելագույնը՝ 5 միավոր)

«Այո» պատասխանը ստանում է 5 միավոր, «Ոչ» -ը՝ 0:

  • Հարց 15. «Ի՞նչ տեսակի աջակցություն է տրամադրվում կամ ինչ տեսակի աջակցություն է ներառում քաղաքականությունը». (առավելագույնը՝ 15 միավոր)

Յուրաքանչյուր ընտրված տարբերակ 2.5 միավոր (առավելագույն 12.5, եթե բոլորը): «Ոչ մեկը»՝ 0, «Այլ» պատասխանի դեպքում՝ 2.5, եթե վերաբերելի պատասխան է ներկայացված։

Բարեկեցություն և զարգացման ծրագրեր – 20

  • Հարց 16․ «Կազմակերպությունն ունի՞ աշխատողների բարեկեցության և կարիերայի զարգացման ծրագրեր կամ քաղաքականություն»․ (առավելագույնը՝ 5 միավոր)

«Այո» պատասխանը ստանում է 5 միավոր, «Ոչ» -ը՝ 0:

  • Հարց 17. «Բարեկեցության և կարիերայի զարգացման ի՞նչ առավելություններ է առաջարկում կազմակերպությունը». (առավելագույնը՝ 15 միավոր)

Յուրաքանչյուր ընտրված տարբերակ ստանում է 2.5 միավոր (առավելագույն 12.5, եթե բոլորը): «Ոչ մեկը»՝ 0, «Այլ» պատասխանի դեպքում՝ 2.5, եթե վերաբերելի պատասխան է ներկայացված։

Արդյունավետության գնահատում – 5 

  • Հարց 18. «Արդյո՞ք կազմակերպությունն իրականացնում է ընտանիքամետ քաղաքականությունների արդյունավետության գնահատում». (առավելագույնը՝ 2 միավոր)

«Այո» պատասխանը ստանում է 2 միավոր, «Ոչ» -ը՝ 0:

  • Հարց 19. «Ինչպե՞ս է կազմակերպությունը գնահատում ընտանիքամետ քաղաքականությունների կամ պրակտիկայի արդյունավետությունը կազմակերպության ներսում (նշել ընդունելի բոլոր պատասխանները)». (առավելագույնը՝ 2 միավոր)

Յուրաքանչյուր ընտրված տարբերակ ստանում է 0.5 միավոր (առավելագույն 1.5, եթե բոլորը): «Ոչ մեկը»՝ 0, «Այլ» պատասխանի դեպքում՝ 0.5, եթե վերաբերելի պատասխան է ներկայացված։

  • Հարց 20. «Արդյո՞ք արդյունավետության գնահատումից հետո վերանայվում/բարելավվում են պրակտիկաները կամ քաղաքականությունները». (առավելագույնը՝  1 միավոր)

«Այո» պատասխանը ստանում է 1 միավոր, «Ոչ» -ը՝ 0:

«Ընտանիքամետ գործատու» էսսեների և բլոգային նյութերի մրցույթ

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համագործակցությամբ,  հայտարարում է «Ընտանիքամետ գործատու» էսսեների և բլոգային նյութերի մրցույթ։

Մրցույթին հայտեր կարող են ներկայացնել բլոգերները, անկախ լրագրողները և ցանկացած ոք, ով կցանկանա պատմել իր գործատուի և աշխատավայրի մասին։

Բլոգային նյութերը (գրառումներ, տեսանյութեր, վիզուալներ) պետք է պատմեն, թե ինչ է ընտանիքամետ գործատուն և աշխատավայրը և պետք է հրապարակված լինեն 2025 թվականի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում։

Այս նյութերը գնահատվելու են հետևյալ չափանիշներով՝ ա) թեմայի համապատասխանություն, բ) տեղեկատվության հաղորդելու հետևյալ սկզբունքների պահպանում՝ ճշգրտություն, անաչառություն, բազմակողմանիություն, մարդուն չվնասելու զգուշավորություն, գ) նյութի կառուցվածք և մուլտիմեդիա բաղադրիչների կիրառում, դ) գովազդ, կոմերցիոն հայտարարություններ չպարունակի։

Էսսեների դեպքում ակնկալվում է ստանալ պատմություններ այն աշխատողներից, ովքեր առնվազն մեկ տարի աշխատում են այն գործատու մոտ, որի մասին պատմելու են և որին ներկայացնելու են որպես ընտանիքամետ։ Էսսեների նախապես հրապարակված լինելու վերաբերյալ պահանջ չկա։ Այս նյութերը կարող են հրապարակվել «Կետ 33» կազմակերպության կայքում և սոցիալական մեդիայի հարթակներում։  Ստեղծագործական նյութերը գնահատվելու են հետևյալ չափանիշներով՝ ա) թեմայի համապատասխանություն, բ) թեմայի առավելագույնս հստակ և ընկալելի ներկայացում։

Մրցանակներ՝

Բլոգային նյութի անվանակարգ` 150 000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը)։

Էսսեի անվանակարգում՝ 100 000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը)։

Նախատեսվում են նաև հատուկ մրցանակներ։

Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2025թ. նոյեմբերի 17-ից երկարաձգվել է դեկտեմբերի 1-ը։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է [email protected] հասցեին ուղարկել նամակ, որը պետք է պարունակի՝ հեղինակի անուն-ազգանունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն, լրագրողական նյութի կամ էսսեի գործող հղումը, իսկ հրապարակված չլինելու դեպքում՝ նյութի ֆայլը։

Պահանջներին չբավարարող հայտերը չեն դիտարկվելու։