Posts

Հաղթանակ՝ կին ձեռներեցի դատական գործով

«6 tastes»  սոուսների արտադրության հիմնադիր Մարինե Բաղիրյանը ամիսներ առաջ դիմել էր «Կետ 33» կազմակերպությանը՝ իրավական աջակցություն ստանալու նպատակով։

Խնդիրն այն էր, որ ձեռներեցը ապրանք էր մատակարարել սուպերամարկետներից մեկին և դրա դիմաց ամբողջությամբ վճարում չէր ստացել: Սուպերմարկետից պարբերաբար խոստացել էին, որ կվճարեն մատակարարված ապրանքների դիմաց, սակայն ամեն անգամ խախտել էին տված խոստումը: Իսկ նման գործողությունները հատկապես փոքր և միջին բիզնեսի համար լուրջ հետևանքներ է ունենում։

«Կետ 33» կազմակերպության փաստաբան Գևորգ Սլոյանի կողմից ընդդեմ սուպերմարկետի ներկայացվել է դատական հայց՝ Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ պահանջով հօգուտ ձեռներեցի բռնագանձել  մատակարարված ապրանքների դիմաց վճարման ենթակա գումարը։ Դատարանը, դատավոր Մարինա Տաշչյանի նախագահությամբ, հունվարի 22-ին ընդունված վճռով ամբողջությամբ բավարարել  է հայցապահանջը։

Փաստաբանական աջակցությունը տրամադրվել է «Կետ 33» ՀԿ-ի կողմից Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ իրականացվող «Աջակցություն կին ձեռներեցներին» ծրագրի շրջանակներում։