Միայնակ ծնողներ․ աշխատանքային օրենսգրքում միայնակ երեխա խնամողները չկան
Աշխատանքային օրենսգրքում չկա անդրադարձ, թե ով է միայնակ երեխա խնամող անձը կամ միայնակ ծնողը և, բացի մեկ հոդվածից (որում նշվում է, որ առանց ամուսնու (կնոջ) մինչև 14 տարեկան անչափահաս խնամող աշխատողն ունի աշխատանքային հերթափոխի նախապատվության իրավունք), չկան առանձնացված կարգավորումներ այս անձանց վերաբերյալ։ Այս մասին նշվում է «Կետ 33» հասարակական կազմակերպությունը «Ընտանիքամետ աշխատավայր․ հայաստանյան հնարավորություններ» հետազոտության մեջ։
Հետազոտության մեջ նշվում է նաև, որ միայն այն փաստը, որ Հայաստանում շուրջ 69 հազար երեխա միայնակ ծնողի խնամքի տակ է, հիմք է տալիս կարևորելու օրենսգրքում միայնակ երեխա խնամող աշխատողների համար արտոնություններ սահմանելու անհրաժեշտությունը։
Աշխատանքային օրենսգրքի 142-րդ հոդվածի 5-րդ մասը ամրագրում է, որ առանց ամուսնու (կնոջ) մինչև 14 տարեկան անչափահաս խնամող աշխատողն ունի աշխատանքային հերթափոխի նախապատվության իրավունք` գործատուի մոտ նման հնարավորության առկայության դեպքում: Այստեղ հատկապես արժե ընդգծել «առանց ամուսնու (կնոջ) մինչև 14 տարեկան անչափահաս խնամող աշխատողն» ձևակերպումը, որը, փաստացի, ամբողջ օրենսգրքում միակն է, որը վերաբերում է միայնակ ծնողներին։
Հետազոտության մեջ ներկայացված են Վիճակագրական կոմիտեի մեկ ծնողների կողմից խնամվող երեխաների տվյալները՝ 2022 թ-ի մարդահամարի արդյունքներով.
0-4 տարեկան | 5-9 տարեկան | 10-14 տարեկան | |
Միայն մոր հետ ապրող որդի | 6881 | 11,329 | 13,408 |
Միայն մոր հետ ապրող դուստր | 6180 | 10,005 | 12,791 |
Միայն հոր հետ ապրող որդի | 1261 | 1,453 | 1,799 |
Միայն հոր հետ ապրող դուստր | 1034 | 1,318 | 1,357 |
Ընդհանուր | 15356 | 24105 | 29355 |
68 816 |
Հետազոտության մեջ նաև ամփոփված են օրենսդրական բարեփոխումների առաջարկություններ, որոնց մի զգալի մասը վերաբերում են նաև միայնակ ծնողներին։
Մասնավորապես՝
➠Առաջարկություն․ Աշխատանքային օրենսգրքում ունենալ սահմանում միայնակ ծնող և միայնակ երեխա խնամող աշխատողների վերաբերյալ։
➠Աշխատաժամանակին վերաբերող այն արտոնությունները, որոնք նախատեսված են հղի կանանց և մինչև 3 տարեկան երեխա խնամողերին, վերաբերելի լինեն մինչև 14 տարեկան երեխա միայնակ խնամողին, այս թվում նաև ոչ լրիվ աշխատաժամանակի սահմանումը լինի նաև միայնակ երեխա խնամող աշխատողի պահանջով՝ հիմքում ունենալով համապատասխան փաստաթղթի առկայությունը։
⧫Հավաքագրել և մշակել վիճակագրական տվյալներ, թե ըստ տարիքային խմբերի քանի երեխա է ապրում մեկ մեծահասակի խնամքի տակ և սոցիալական ինչ պայմաններում, ընտանիքն ինչ եկամուտներ է ստանում։
➠Առաջարկվում է Աշխատանքային օրենսգիրքը լրացնել կետով, ըստ որի՝ հեռավար աշխատանքը կարող է սահմանվել միայնակ (առանց ամուսնու/կնոջ կամ առանց երեխայի ծնողների) մինչև 14 տարեկան երեխա խնամող աշխատողների պահանջով, եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս այն կատարել նաև հեռավար եղանակով։ Պահանջը գործատուի կողմից մերժվելու դեպքում պետք է ներկայացվի գրավոր հիմնավորում։
Կարևոր է, որպեսզի պետությունը նախաձեռնի աշխատող ծնողների դեպքում երեխայի խնամքի աջակցման ծրագրեր։ Եվ առանձնահատուկ ուշադրության կենտրոնում պետք է լինեն աշխատող և միայնակ երեխա խնամողները (օրինակ, միայնակ մայրերը/հայրերը կամ երեխային առանց ծնողների մեծացնող միայնակ խնամակալը)՝ հաշվի առնելով այն պարզ հանգամանքը, որ նույնիսկ ամբողջական ընտանիքներում, երբ երեխայի խնամքով զբաղվում է երկու ծնողը, մարտահրավեր է աշխատանքն ու ընտանեկան հոգսերը համատեղելը, իսկ միայնակ ծնողի կամ խնամակալի դեպքում խնդիրը կրկնակի բարդանում է։
➠Առաջարկվում է, որպեսզի ստեղծվի օրենսդրական հնարավորություն՝ պետական նախակրթական հաստատությունների գործառույթների մի մասը մասնավոր նախակրթական հաստատություններին պատվիրակելու համար, ինչի դեպքում յուրաքանչյուր տարվա կտրվածքով պետական բյուջեից հատկացումներ կարվեն մասնավոր նախակրթարաններին ու մանկապարտեզներին մինչև 5 տարեկան երեխաների նախադպրոցական կրթությունն ապահովելու նպատակով։ Ընդունելի կարող է լինել, որ այս հնարավորությունը տրվի նախևառաջ միայնակ երեխա խնամող աշխատողներին։
➠Առաջարկվում է նոր պայմաններով վերագործարկել «Դայակ՝ պետության աջակցությամբ» ծրագիրը, որը հնարավորություն կտա աջակցել աշխատող ծնողներին՝ մինչև 3 տարեկան երեխաների խնամքը կազմակերպելիս։ Շահառուների խմբում առանջնահերթություն պետք է տրվեն միայնակ ծնողներին կամ երեխայի միայնակ խնամակալներին։
«Կետ 33» կազմակերպության իրականացրած հետազոտության արդյունքում կազմված բարեփոխումների ամփոփ առաջարկություններն ուղղված են ՀՀ կառավարությանն ու Ազգային ժողովին և «Դարձնենք ընտանիքամետ աշխատավայրն իրական» ծրագրի ամփոփման միջոցառման ժամանակ ներկայացվել են պատկան մարմիններին: