Կանայք ավելի շատ են զբաղվում չվճարվող աշխատանքով, քան տղամարդիկ
Կանայք, ընդհանուր առմամբ, անհամեմատելիորեն ավելի շատ են զբաղվում չվճարվող աշխատանքով, քան տղամարդիկ, ինչը, բնականաբար, մեծ ազդեցություն է ունենում նրանց, նրանց ընտանիքի որոշումների վրա, որոնք վերաբերում են կարիերային, ընտանիքին ու երեխա/ներ ունենալուն։ Այս մասին տեղեկանում ենք «Կետ 33» հասարակական կազմակերպության կողմից «Դարձնենք ընտանիքամետ աշխատավայրն իրական» ծրագրի շրջանակում պատրաստված «Ընտանիքամետ աշխատավայր․ հայաստանյան հնարավորությունները» հետազոտությունից:
Նշվում է, որ ընտանիքում ու տնային տնտեսությունում չվճարվող աշխատանքները երկար ժամանակով ուսերին վերցնելն անհետևանք չի կարող մնալ և կարող է պատճառ դառնալ աշխատաշուկայից դուրս մնալու, հետագայում դժվարությամբ աշխատաշուկա մտնելու (ցածր վարձատրությամբ, առանց արտոնությունների կամ քիչ արտոնություններով հաստիքներ) համար։
Հայաստանում կանանց կրթական մակարդակը բավականին բարձր է, միևնույն ժամանակ նրանք շարունակում ենք ավելի քիչ ներգրավված լինել աշխատաշուկայում, քան տղամարդիկ։
Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2012-ին բակալավրիատն ավարտածների 49.2 տոկոսը կանայք էին, 44.6 տոկոսը՝ տղամարդիկ, իսկ 2022-ին՝ 64.1 տոկոսն են կանայք, 43.9 տոկոսը՝ տղամարդիկ։
Միևնույն ժամանակ, աշխատաշուկայում կանանց ներգրավվածությունն անհամեմատելիորեն ցածր է։ Այսպես, աշխատուժում ներգրավված կանայք 48 տոկոս են, 52 տոկոսը աշխատուժից դուրս մնացած բնակչություն է համարվում։ Այս 48 տոկոսից 41 տոկոսն ունի զբաղվածություն, իսկ մյուսները գործազուրկ են։ Այսինքն, կանանց 59 տոկոսը վարձատրվող զբաղվածություն չունի։
Հետաքրքրական է մեկ այլ տվյալ․ աշխատուժից դուրս համարվող և տնտային տնտեսություն վարողների 21 տոկոսը կանայք են, միայն 0.2 տոկոսը՝ տղամարդիկ. «2022 թվականին 15-74 տարեկան կանանց 52%-ը կամ 620 հազար կին չի ունեցել աշխատանք և չի փնտրել՝ հիմնականում զբաղված լինելով տնային տնտեսությամբ (43%)»,- նշվում է «Հայաստանի կանայք և տղամարդիկ 2023» հետազոտության մեջ:
Ի դեպ, ընտանեկան հանգամանքների պատճառով չի աշխատում և աշխատուժից դուրս է համարվում կանանց 22 տոկոսը, իսկ տղամարդկանց՝ 0 տոկոսը։ Վիճակագրական տվյալներով՝ սեռային մեծ խզվածք կա թե՛ աշխատուժից դուրս մնացած (25-49 տարիքային խմբում՝ 75.5-77.6%), թե՛ աշխատուժում ներգրավվածների (25-34 տարիքային խմբում՝ 41%) շրջանում՝ հիմնականում պայմանավորված ընտանեկան պարտականություններով (հղիություն, ծննդաբերություն, երեխայի խնամք և այլն) կանանց զբաղվածությամբ:
Ինֆոգրաֆիկան՝ ՀՀ վիճակագրական կոմիտեի
Այսպիսով, կարող ենք նշել, որ կանանց մեծամասնությունը չունի վարձատրվող զբաղվածություն և դուրս է աշխատաշուկայից, հետևաբար, թե՛ պետության, թե մասնավոր սեկտորի համար նրանց ռեսուրսներն ու պոտենցիալը չեն օգտագործվում։
Աղբյուրը՝ «Ընտանիքամետ աշխատավայր․ հայաստանյան հնարավորությունները» հետազոտություն: