Mane Madoyan: “We Should Respect the Time and Effort We Put Into Caring for the Child”
Մանե Մադոյանը Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ծրագրերի համակարգողն է: Որպես հաղորդակցության մասնագետ եւ ուսուցանող համագործակցում է նաեւ այլ կազմակերպությունների հետ: Մանեն երեք երեխա ունի:
Եվ բոլոր երեխաների խնամքին զուգահեռ աշխատել է:
«Առաջին երեխայիս ժամանակ ուսանող էի եւ աշխատում էի կես դրույքով, իմաստ չկար կորցնել աշխատանքը: Երկրորդի դեպքում որոշել էի, որ ֆիզարձակուրդից (մինչեւ 3 տարի է տեւում) շուտ ոչ մի բան չեմ անելու, բայց էլի գնում էի թրեյնինգների: Երրորդ երեխայիս ծնվելու նախորդ գիշերը ժամը 23:00-ին գործատուիս ուղարկել եմ վերջին նամակը, իսկ աշխատանքի հետ կապված առաջին գրառումն արել եմ երեխայի ծնվելու հաջորդ օրը՝ հեռախոսով»:
«Առաջին երեխայի ժամանակ չես գիտակցում մամա-երեխա անպայման սիրո, նվիրվածության փուլը, որն այնքան կարճ է տեւում, իսկ հետո կարոտում ես։ Եթե կարողանաս դա լիարժեք վայելել, հրաշալի կլինի:
Երրորդ բալիկիս ժամանակ 3-4 ամսական հղի էի, երբ կովիդի պատճառով ամեն ինչ փակվեց: Ես տան կարոտն առա, եւ երրորդ երեխայիս ժամանակ տեսա այնպիսի փուլեր, որոնք մյուս երեխաներիս ժամանակ չէի տեսել, օրինակ, թե ինչպես է երեխաս չոչ անում»:
«Մեր կանանց հիմնական խնդիրն այն ընկալումն է, թե երեխային նայելը գործ չէ: Մենք պետք է սովորենք հարգել այն ժամանակն ու ջանքը, որ գործադրում ենք երեխային խնամելու համար: Եվ պետք է սովորենք ասել մամաներին, որ եթե կարող ես քեզ շռայլություն թույլ տալ եւ երեխայի ծննդից հետո չաշխատել գոնե վեց ամիս, ապա արա դա»:
«Երբ ծնվեց առաջին երեխաս, ես եւ ամուսինս ունեինք ազատ քույրիկներ, ովքեր հերթով գալիս էին մեր տուն՝ երեխա նայելու, բայց երբ դու չունես հարազատներ, որոնք ճկուն են գրաֆիկով, դա շատ է բարդացնում իրավիճակը: Իհարկե, հասկանում եմ, որ կա նաեւ դայակի ինստիտուտը, բայց եթե դու նորմալ վարձատրվող աշխատանք չունես, դա էլ է անիմաստ դառնում: Երբ ընտանիքիդ հոգսը նաեւ քո ուսերին է, ինչ-որ պահի կանգնում ես երկընտրանքի առաջ»:
«Ես ինքս վատ եմ վերաբերում, երբ կանայք արհեստականորեն սրում են իրենց իրավունքների հարցը՝ «Ես երեխա ունեմ, ուրեմն պետք է երեխայի հետ գամ»: Կան միջավայրեր, որտեղ երեխան կարող է խանգարել: Օրինակ, երկօրյա ծրագիր ունեմ, որի ամբողջ ընթացքում ամուսինս պետք է նայի երեխային, քանի որ ես ինքս հասկացա, որ երեխան կարող է խանգարել:
«Իսկ ընդհանրապես ես հասկանում եմ, որ կան շատ մարդիկ, ովքեր սովոր չեն երեխայի տեսնել այս կամ այն միջավայրում: Նման դեպքերում, եթե տեսնեն, որ մայրը դրա հետ խնդիր չունի, ռիսկ չեն անի որեւէ բան ասել»: